Պանթուրքիզմի ռազմավարության հետ զուգահեռ վերջին 30 տարվա ընթացքում նոր թափ է ստացել ադրբեջանական ազգայնական շարժումը՝ պանազերիզմը, որն ենթադրում է տարածաշրջանի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիների միավորում մեկ պետության շրջանակներում:
Այդ ռազմավարությունը հայտնի է Միացյալ Ադրբեջան (Bütöv Azərbaycan) անունով: Այդ ծրագրի հեղինակը ադրբեջանցի քաղաքագետ, գրող Փերուզ Դիլանչին է: Այն մշակվել է 1990-ականների սկզբին և զարգացում ստացել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կողմից, որը պնդում էր, թե Ադրբեջանի սահմանները պետք է ձգվեն ՌԴ-ի Դերբենտ քաղաքից մինչև Պարսից ծոց:
Մեծ կամ Միացյալ Ադրբեջանի մեջ ենթադրվում է, որ պետք է մտնեն մի քանի տարածաշրջաններ, որտեղ կոմպակտ բնակվում կամ ժամանակին բնակվել են ադրբեջանցիներ:
Հարավային Ադրբեջան (Cənubi Azərbaycan), որն իր մեջ ներառում է Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանները: Արևմտյան Ադրբեջան (Qərbi Azərbaycan), որն իր մեջ ներառում է այսօրվա ՀՀ-ի տարածքը և չմոռանանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Զանգեզուրը և Երևանը «ադրբեջանական պատմական հողեր են»:
Բացի այդ, Մեծ Ադրբեջանի սահմանների մեջ պետք է մտնեն ՌԴ-ում գտնվող Դերբենտ քաղաքը, Վրաստանի Մառնեուլիի շրջանը կամ Բորչալուն, իսկ այսօրվա Թուրքիայի սահմաններում՝ նախկինում հայաբնակ, իսկ այժմ ադրբեջանաբնակ Իգդիր և Կարս քաղաքները:
Եթե տվյալ տարածաշրջանները դիտարկենք քարտեզի վրա, ապա պարզ է, որ Ադրբեջանի նպատակն է ադրբեջանական օղակ ստեղծել ՀՀ-ի ու Արցախի շուրջ՝ հսկողություն սահմանելով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող լոգիստիկայի վրա: Վրաստանում այդ ճանապարհներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանով (Բորչալու), իսկ հարավում՝ Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջաններով:
Ինչ վերաբերվում է Իգդիրին և Կարսին, ապա Ադրբեջանը ցանկանում է շրջափակել ՀՀ-ն նաև արևմուտքից՝ Թուրքիայի կողմից, չնայած հայ-թուրքական սահմանն արդեն 30 տարի է փակ է: Եթե ապագայում բացվի հայ-թուրքական սահմանը, ինչը քիչ հավանական է, ապա Կարս-Գյումրի երկաթգծի հսկողությունը գոնե Կարս քաղաքի առումով կգտնվի ադրբեջանցիների ձեռքում, որոնք, հասկանալի է, մեծամասնություն են կազմելու այդ քաղաքում:
Մեծ Ադրբեջանն ուղիղ սպառնալիք է ՀՀ-ի ու Արցախի գոյությանը՝ հայ ազգի ֆիզիկական գոյությանն ու տարածաշրջանի մի շարք երկրների տարածքային ամբողջականությանը: Պանթուրքական քարոզչությունն ու քաղաքականությունը Վրաստանում և Իրանում իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ու բխում է նաև Արևմուտքի, Իսրայելի շահերից, որոնք մասնավորապես ցանկանում են կազմաքանդել Իրանն ու պանթուրքիզմն ու պանազերիզմը կարող են դառնալ նրանց ձեռքում գործիքներ ընդդեմ Իրանի:
ՀՀ-ն պետք է սերտորեն համագործակցի Վրաստանի ու Իրանի հետ՝ ստեղծելով միասնական հակապանթուրքիստական ճակատ, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը Հարավային Կովկասում միտված է նաև այդ երկրների կազմաքանդմանն ու գեոպոլիտիկ քարտեզի փոփոխությանը: