Նախարարությունը 2,7 մլն դրամ էր հատկացրել սկանդալային պերֆորմանսի համար (տեսանյութ)
04.11.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2,7 մլն դրամ է հատկացրել Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսի համար, որը հանրային մեծ արձագանքի արժանացավ:
Նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2019-ի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։
«Դրամաշնորհը կազմում է 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր»,- ասվում է հաղորդագրությունում:
Մայրաքաղաքի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը հանրային լայն քննարկումների թեմա դարձավ: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ներկայացումը ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ է, գրում է Սիվիլնեթը:
Ներկայացման ժամանակ նաև միջադեպ տեղի ունեցավ, երբ մի քանի անձ վանկարկում էր՝ «ամոթ, ամոթ»: Այնուհետև մի երիտասարդ, որը ներկայացավ որպես Նարեկ Սարգսյան, փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ հայտարարելով, որ նրանք սատանիստներ են: Ոստիկանները նրան բերման ենթարկեցին:
Մի քանի քաղաքացի, այդ թվում բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, տեղի ունեցածը համարելով «սրբապղծություն», ներկայացման վայրում խունկ են ծխել և աղոթել:
ԿԳՄՍՆ-ի դրմաշնորհը հատկացվել է նախագծի համար, որի իրակացաման մասնակիցներից է եղել «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը: Նա News.am-ի հետ զրույցում ասել է, որ Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում տեղի ունեցած «ՀուԶանք ու զանգ» ներկայացումը որևէ կապ «չունի Սորոսի, սատանիզմի և այլ պիտակավորումների հետ»:
«Սա 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության և հանրային տարածքում մարմնի ներկայության մասին»,- հայտարարել է Խաչունցը: