ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին 2019-ին կազմել է 60 մլն դոլար
2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։
ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանմանը բազմաթիվ ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, և պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության և դատաիրավական ոլորտներում։
«Միացյալ Նահանգները վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք մտադիր չենք փոխել դա հատկապես այժմ, երբ ժողովրդավարությունն, առավել քան երբևէ, ամուր է Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ հպարտությամբ փաստում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար», - նշում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
1992թ․-ից սկսած Միացյալ Նահանգները Հայաստանի հատկացրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ բարելավելու ժողովրդի կենսապայմանները և աջակցելու ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված ջանքերին։