24.11.2024
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
prev Նախորդ նորություն

Սա պատերազմ է մեր արժեքների ու հայ ազգի գոյության դեմ. Արման Ղուկասյան

Սա պատերազմ է մեր սեփական ազգին, մեզ ստիպում են հրաժարվել մեր սեփական եսից ու ինքնությունից: Չպետք է թույլ տանք, որպեսզի դրսից ինչ-որ մարդիկ մեզ թելադրեն, թե մենք ինչպես պետք է ապրենք մեր երկրում: Այս մասին Ազգային ժողովի շենքի դիմաց Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում նշեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:


Նա հայտարարեց, որ մեր երկրում Ստամբուլյան կոնվենցիան տեղ չունի ու կոչ արեց հասարակությանը ոչ միայն տեր կանգնել մեր ազգային ու հոգևոր արժեքներին, այլև մեր ազգի ինքնությանն ու սեփական դեմքին.


«Մեզ փորձում են համոզել, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվում է որպես օրենք, որը կպաշտպանի կանանց և երեխաներին բռնությունից: Մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր կանանց և երեխաներին, մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր ընտանիքները և այդ հարցում մեզ ուրիշ մարդիկ դրսից չպետք է ասեն, թե ինչպես պետք է ապրենք մեր երկրում»,- հայտարարեց նա:

Արման Ղուկասյանը նաև շեշտեց, որ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան իրական վտանգները, որ իր մեջ պարունակում է այդ կոնվենցիայի վավերացումը և ըստ այդմ մոբիլիզացվեն:


«Պետք է հասկանալ, որ սա պատերազմ է մեր սեփական ազգի, մեր ազգային արժեքների ու հայ ազգի գոյության դեմ: Բոլորս պետք է պատրաստ լինենք պաշտպանելու հայ ազգին, կանանց ու երեխաներին այս չարիքից, որ թելադրվում է դրսից հայտնի ուժերի կողմից: Այս կոնվենցիան նպատակ ունի ոչնչացնելու մեր ազգը՝ սա է իրական գնահատականը Ստամբուլյան կոնվենցիային»,- հայտարարեց նա հավաքվածների «թույլ չենք տալու» վանկարկումների ներքո:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, որը նախաձեռնել է «Կամք» նախաձեռնությունը: Դրդապատճառն այն է, որ այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։ Օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը նվիրված հարցերն են:


Ըստ շրջանառվող լուրերի՝ կոնվենցիայի վավերացումը կներառվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգ: