Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ սպառնում են իրանցիների առողջության իրավունքին. HRW
Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ սպառնում են իրանցիների առողջության իրավունքին, ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք աջակցում են իրանցի ժողովրդին, բայց ԱՄՆ պատժամիջոցների չափից ավելի ծանր ռեժիմը վնաս է հասցնում Իրանի ժողովրդի առողջությանը, ներառյալ կյանքը փրկող դեղերի հասանելիությունը: Այս մասին հայտարարել է HRW Մերձավոր Արեւելքի գծով տնօրեն Սառա Լիա Ուիթսոնը:
Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցները ստիպել են բանկերին հրաժարվել Իրանի հետ հումանիտար առեւտրից, ինչի հետեւանքով իրանցիները, որոնք տառապում են հազվադեպ կամ ծանր հիվանդություններով, զրկված են անհրաժեշտ դեղերից ու բուժումից։
HRW-ի հաշվետվությունում նշվում է, որ ԱՄՆ հումանիտար արտոնությունները չեն կարողացել հաղթահարել այն, որ ամերիկյան եւ եվրոպական ընկերություններն ու բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել հումանիտար ապրանքները։
Արդեն մեկ տարուց ավելի իրանցի պացիենտները պայքարում են արտերկրյա դեղերի անբավարարության եւ գների բարձրացման դեմ ինչպես ԱՄՆ առեւտրային պատժամիջոցների, այնպես էլ տնտեսական վիճակի պատճառով: