Հրայր Թովմասյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. ՔԿ-ի բացահայտումը
Տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը:
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: