Գազի գնի շուրջ ընթանում է նորմալ խոսակցություն: Սա խոսակցություն է ռազմավարական դաշնակիցների միջև, և այն կբերի կոնկրետ արդյունքների: Ես դրանում վստահ եմ: Այժմ Հայաստանում տնտեսական շատ լավ դինամիկա ունենք և այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, այլև սա տնտեսական զարգացման հարց է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որ չկոտրի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման դինամիկան», - շեշտել է վարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր սակագինը չի խախտի այս դինամիկան, Փաշինյանն ասել է, որ սա արդեն այն հաշվարկների տիրույթում է, որն այժմ քննարկվում է. «Որոշումը դաշնակցային կլինի: Դա չի կարող և չպետք է լինի այլ կերպ», - վստահություն է հայտնել նա:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստանում գազի ներքին գինը չի փոխվել, բայց գնման գինը ավելացել է, Փաշինյանն ասաց, որ դա Հայաստանի սպառողների տեսակետից այդքան էլ կարևոր չէ: Բայց կառավարության համար կարևոր է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգավորված լինեն. «Եվ սա, կարծում եմ, ևս տնտեսական տնտեսական կարևոր խնդիր է: Մենք պետք է այնպիսի ձևակերպումներ մշակենք, որպեսզի «Գազպրոմ-Հայաստանի» գործունեությունը լինի արդյունավետ, ինչպես և գազի գինը լինի արդյունավետ»:
Ինչ վերաբերում է բանակցություններին և դրանց էությանը, Փաշինյանը նշել է, որ խոսակցությունն ընթանում է Հայաստանի տնտեսության համար գինը շահավետ դարձնելու մասին, որպեսզի չխախտվի տնտեսական աճն ու տեմպը, ինչն արտացոլվում է տնտեսական դինամիկայի մեջ:
«Եկեք չխոսեմ կոնկրետ թվերի մասին: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Բովանդակության առումով ես ասացի, թե որն է նպատակը: Կարծում եմ, որ սա միայն Հայաստանի նպատակը չէ, այն նաև պետք է լինի Ռուսաստանի նպատակը, քանի որ մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին՝ ունենք ընդհանուր տնտեսական տարածություն: Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են առաջանում, դա մեզ շատ է անհանգստացնում: Կարծում եմ, որ նույն ընկալումը մեր ռուս գործընկերների շրջանում է՝ նախագահի, վարչապետի: Մենք կլուծենք այս հարցը», - համոզմունք է հայտնեկ Փաշինյանը: