23.11.2024
Մամուլ. Վահե Գրիգորյանը խոստացավ պարզաբանել՝ ինչո՞ւ է աշխատավարձ ստանում ոչինչ չանելով
prev Նախորդ նորություն

Պուտինը խոստացավ՝ ՌԴ-ն կերաշխավորի սիրիահայերի անվտանգությունը և պահեց խոստումը. Փաշինյան

Վլադիմիր Պուտինը խոստացավ, որ Ռուսաստանը կերաշխավորի սիրիահայերի անվտանգությունը և պահեց իր խոստումը: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա հիշեցրել է, Սիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք, որտեղ բնակվում է մոտ 3 հազար հայ:


«Ես այս մասին խոսեցի Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգություն ունեինք, և ես Ռուսաստանի նախագահին խնդրեցի անել հնարավոր ամեն ինչ՝ հաշվի առնելով մասնավորապես հայերի շահերը, հենց Ղամիշլիում: Այդ ժամանակ այնտեղ առկա լարվածությունը շատ մեծ էր թուրքական ներխուժման պատճառով: Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ, ի վերջո, հաշվի են առնվել այս տարածքում ապրող հայերի անվտանգության շահերը: Մենք հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն հաշվի առնվել», - ասել է Փաշինյանը, հաստատելով, որ բանակցությունների ընթացքում Պուտինը խոստացել է պաշտպանել Ղամիշլիի հայերի շահերը եւ «մենք կարող ենք տեսնել, որ այս խոսակցությունը ունի կոնկրետ դրական հետեւանքներ»:


Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է ապահովում սիրիահայերի անվտանգությունը՝ ռուս զինվորականները կամ ռուսները` թուրքերի հետ միասին, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի Սիրիայում: Անվտանգության ապահովման գործում նրա դերը բավականին մեծ է.

«Ռուսաստանը շատ լծակներ ունի` նպաստելու հայերի անվտանգությանը: Հայաստանը նույնպես առաքելություն է իրականացնում Սիրիայում, բայց խոսքը մարդասիրական առաքելությն մասին է, որը ոչ մի կապ չունի անվտանգության հետ կապված հարցերի հետ: Մենք շատ ուրախ ենք, որ իրականացնում ենք նման մարդասիրական առաքելություն»:


Փաշինյանը նաև հաստատել է, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միակ երկիրն է, որն իր առաքելությունն ուղարկել է Սիրիա:


«Սա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ իրականացվում է և շարունակվում է», - շեշտել է ՀՀ վարչապետը: