24.11.2024
Փորձագետ. Եվրոպայի համար կարևոր է թույլ չտալ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զինումը
prev Նախորդ նորություն

Ամերիկյան զենքը Ուկրաինայում. ինչպիսի՞ ազդակ կստանա կոնֆլիկտը Դոնբասում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 348 կողմ և 48`դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը թույլ կտա երկրի նախագահ Բարաք Օբամային Ուկրաինային զենք մատակարարել: Կոնգրեսի այս որոշումը մեծ ոգևորություն է առաջացրել Ուկրաինայում, որը չնայած Մինսկ-2-ին շարունակում է ուժեղացնել իր զինված ուժերը և հակամարտության գոտում կառուցել նոր պաշտպանական ենթակառուցվածքներ: Այսօր էլ ի համալրումն Կոնգրեսի որոշման Պյոտր Պորոշենկոն ստորագրել է օրենք՝ ուկրաինական ԶՈւ-ի թիվը մինչև 250.000 հասցնելու մասին:

Կոնգրեսի կողմից Օբամայի համար զենքի մատակարարումների հարցով կանաչ լույս վառելը կարող է հանգեցնել Եվրոպայի դժգոհությանը, քանի որ ֆրանս-գերմանական տանդեմը՝ ՌԴ-ի հետ սերտ համագործակցությամբ կարողացավ հասնել Ուկրաինայի հարավ-արևելքում արյունահեղության դադարեցմանը՝ Մինսկ-2-ի համաձայնագրի միջոցով, որը պետք է վերջ դներ ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման բոլոր փորձերին: Սակայն ամերիկացիները կարծես թե Կոնգրեսի այս բանաձևով փորձելու են խաչ քաշել Մինսկ 2-ի վրա, եթե իհարկե Փարիզն ու Բեռլինը չփորձեն ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ զենքի մատակարարումներ չսկսելու հարցով:

Սակայն Եվրոպան նույնպես միասնական չէ ուկրաինական հարցում: Եթե Փարիզն ու Բեռլինը ՌԴ-ից պատժամիջոցները հանելու գործընթացը կապում են Մինսկի համաձայնագրերի լիովին կատարման հետ, չնայած ՌԴ-ն Դոնբասի հակամարտության կողմերից մեկը չէ, այլ միայն մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Լուգանսկին և Դոնեցկին՝ հագուստով և սնունդով շարասյուններ ուղարկելով, իսկ մի քանի միլիոն ուկրաինացի փախստական ապաստան են գտել Ռուսաստանի տարածքում: Սակայն ԵՄ-ում ԱՄՆ-ի դաշնակիցներ և կոշտ հակառուսական գծի կողմնակիցներ՝ Լեհաստանը, Մերձբալթյան երկրները հանդես են գալիս Ուկրաինան զինելու և ՌԴ-ի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների կիրառելու օգտին: Չմոռանանք, որ ամերիկացիները արդեն իսկ իրենց զորքերն են տեղակայել ՌԴ-ի սահմանների երկայնքով՝ Մերձբալթիկայի երկրներում:

Ուկրաինայի ռազմական բյուջեի, բանակի թվի աննախադեպ ավելացումը և նորանոր մոբիլիզացիաների հայտարարումը ցուցադրում է Կիևի նպատակները Դոնբասը հետ բերել ռազմական ուժով՝ ԱՄՆ-ի և նրա եվրոպական, հատկապես հակառուսական դաշնակիցների օգնությամբ: Մինսկի համաձայնություններով ստեղծված ստատուս-քվոն ամերիկյան մատակարարումների միջոցով կարող է խախտվել է, եթե հաշվի առնենք, որ ամերիկյան ռազմական մասնագետները արդեն իսկ գտնվում են Ուկրաինայի տարածքում: Ռուսաստանը չի կարող թույլ տալ ստատուս-քվոյի այնպիսի փոփոխություն, որը կխախտի այդքան երկար բանակցված և համաձայնեցված Մինսկ-2-ի փաստաթուղթը:

Մոսկվան հակաքայլերից մեկը կարող է լինել աշխարհազորայիններին բացահայտ ռազմական աջակցություն տրամադրելու գործընթաց սկսելը՝ նոր զինտեխնիկա, ռազմական մասնագետներ գործուղելով Ուկրաինայի հարավ-արևելք: Եվրոպայի սրտում կարող է կրկնվել երկրորդ Կորեան (կամ Աֆղանստանը), երբ խորհրդային միությունը բացահայտ աջակցում էր կոմունիստական հյուսիսին, իսկ ամերիկացիները՝ հարավին: Արևելյան Եվրոպայում կարող են կրկին ձևավորվել ռազմաքաղաքական բաժանարար գծեր, ինչպես դա կար ՆԱՏՕ-ի և Վարշավյան կազմակերպության մրցակցության տարիներին:

Հաշվի կառնի արդյոք Վաշինգտոնը վերոնշյալ հանգամանքները և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի շահերը՝ դժվար է ասել: Վաշինգտոնը Կիևում հեղաշրջում իրականացնելիս հաշվի չի առել եվրոպական ընդհանուր անվտանգության համակարգի վրա այդ պետական հեղաշրջման հետևանքները, իսկ թե ինչ ճնշումների գնով ամերիկացիները կարողացան ստիպել ԵՄ-ին միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ հայտնի փաստ է: Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևը հստակ մեսիջ է՝ Սպիտակ տանը՝ գնալու է մինչև վերջ Ուկրաինան հակառուսական գործոնի վերածելու և ԵՄ-ՌԴ մերձեցումը թույլ չտալու համար:

Օրերս ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հետ սերտորեն համագործակցող Stratfor վերլուծական կենտրոնի նախագահ Ջորջ Ֆրիդմանը հայտարարել է, որ Վաշինգտոնի դարավոր նպատակն է թույլ չտալ Ռուսաստանի և Գերմանիայի մերձեցումը և այդ երկրների միջև կոալիցիայի ստեղծումը: Այդ նպատակով ԱՄՆ-ը ՌԴ-ի սահմանների երկայնքով ստեղծում է բուֆերային երկրների գոտի, որպեսզի անտեսանելի սահման ստեղծի ՌԴ-ի և Եվրոպայի միջև: