Վրաստանը 350 մլն դոլար է կորցրել ռուսական կողմից ավիահաղորդակցության արգելքից հետո: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Գախարիան նշել է, որ երկրի բյուջեն այդպիսի վնասներ է կրել 5 ամսվա ընթացքում՝ Ռուսաստանի հուլիսյան արգելքից հետո: Վարչապետը, սակայն, հաղորդել է զբոսաշրջությունից ստացված եկամուտների մասին, որոնք գերազանցել են 2 միլիարդը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։
Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։
Ստեղծված իրավիճակում հայկական 3 ավիաընկերություն պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու ռուս և վրացի ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորմանը:
Այժմ Վրաստանն ու Ռուսաստանը քննարկում են ավիահաղորդակցության վերակնգնման հնարավորությունները: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շաբաթներ առաջ հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ է երկու երկրների համար ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, եւ դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ:
«Կարծում եմ՝ որքան ավելի շուտ վերականգնվի ավիահաղորդակցությունը, այնքան ավելի լավ կլինի ինչպես Վրաստանի, այնպես Էլ Ռուսաստանի, ինչպես նաեւ այն հարաբերությունների համար, որոնք կան մարդկանց միջեւ: Այս դիրքորոշումը ես արձանագրել եմ նաեւ Նյու Յորքում (ՌԴ ԱԳ նախարարի հետ) կայացած հանդիպմանը եւ ցանկանում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ, չնայած վերջին ժամանակներս ստեղծված վիճակին, Ռուսաստանի ոչ մի քաղաքացի ոչ միայն բռնության, այլեւ վիրավորանքի զոհ չի դարձել Վրաստանում»,-ասել Է Զալկալիանին:
Զալկալիանին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել Է սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Դա բարձր մակարդակի առաջին շփումն Էր 2008 թվականից հետո: Ինչպես ավելի ուշ հայտարարել Է Լավրովը, Վրաստանի ԱԳ նախարարը հետաքրքրվել Է, թե Ռուսաստանը երբ Է վերականգնելու ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: