Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցն օրակարգում է. Մայիլյան
Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցն օրակարգում է։ Այս մասին ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեի հետ հռչակագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Նրա խոսքով, օդանավակայանը չի գործում, քանի որ Ադրբեջանն օգտագործում է իր անդամակցությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) և խոչընդոտներ է ստեղծում։
«Նրանք շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ մեկուսացման քաղաքականությունը։ Վստահ եմ, որ լսել եք Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքները՝ այդ թվում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասին, եթե դրանք հայտնվեն Արցախի երկնքում։ Սա անընդունելի մոտեցում է, որը խոչընդոտում է արցախցիների հիմնական իրավունքների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացմանը»,- ասել է Մայիլյանը։
Նա նաև հավելել է, որ Արցախի ղեկավարությունը շարունակում է խոչընդոտների վերացման աշխատանքները. «Ինչպես հաջողության հասանք Արցախում հեռուստակոմունիկացիաների և բանկային ոլորտում, այնպես էլ այս ոլորտում հաջողություն կգրանցենք»,- համոզմունք է հայտնել նա։