23.11.2024
Տիգրան Ավինյանն ու Արչիլ Թալակվաձեն գոհ են հայ-վրացական հարաբերությունների դինամիկայից
prev Նախորդ նորություն

Միակ խախտումս այն է, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում. Բաբլոյան

Ես գործել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում: Մնացածը թող պարզեն իրավապահները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ով ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործում:


«Ես չեմ խախտել Սահմանադրություն, ես չեմ խախտել օրենք և ստորագրել եմ այն օրը, որով թվագրված է: Ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել... այդ ամենի համար ես պատասխանատու չեմ»,- հայտարարեց նա:


Նրա խոսքով, միայն մի հարցում կարող է հստակ պատասխան տալ, եթե դա հայտնաբերեն, այն է՝ աջակցել է Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում.


«Այդտեղ ես թույլ եմ տվել օրենքի խախտում»,- ասաց նա՝ հրաժարվելով մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ խախտման մասին է խոսում:


«Ես պաշտոնապես հայտարարում եմ ու իրավապահները դա լսեցին: Թող ուսումնասիրեն ու գտնեն, թե որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- շեշտեց նա:


Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի գործոնին, ապա Բաբլոյանը միայն ասաց՝ իր սեղանի վրա եղել է այդ դիմումը, որի հիման վրա էլ ինքը հայտարարություն է արել:


Վերջում Բաբլոյանն ասաց, որ եթե ինքը լինի մեղավոր, ապա պատրաստ է պատիժը կրելու, բայց միևնույն ժամանակ կրկնեց՝ ինքը օրինապահ է, չի սիրում օրենք խախտել կամ ինքնագործունեությամբ զբաղվել: