Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրեն զգալ «գաիշնիկ». աղմկահարույց նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, խոսքը «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին է վերաբերում, որը բուռն քննադատությունների տեղիք տվեց: Ընդդիմադիրները նշում էին, որ այն էլ ավելի կզարգացնի Հայաստանում այսպես կոչված «գործ տվողների» ինստիտուտը:
Նախագիծն ընդունվեց 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել դրանք ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու: Ի դեպ, սահմանափակումներ են ներառվել՝ նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի մասով ընդունվող խախտումների քանակության մասով:
«Կառավարության հետ նախնական քննարկման արդյունքում կսահմանվի ամսական ոչ ավել, քան 1 և տարեկան ոչ ավել, քան 10 էլեկտրոնային հաղորդում՝ նույն անձի կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ»,- ավելի վաղ հայտարարել էր Սիսակ Գաբրիելյանը:
Բացի այս, եթե քաղաքացին ինքը խախտում կատարի, ապա նրա մուտքը հավելված կարգելափակվի երեք ամիս ժամանակով: