Ո՞վ է ասում, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չի. Ծառուկյան
Հրայր Թովմասյանի 16 տարեկան աղջկան հարցաքննության կանչելը ինձ համար անընդունելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Թող հանցակազմը ներկայացնեն: Մենք դեմ չենք, որ հանցագործությունը պատժվի, բայց իմ համար անընդունելի է, որ 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության»,- ասաց նա:
Նրա խոսքով, այսօր հիմնական հարցը կապված Հրայր Թովմասյանի հետ այն է, որ եթե կա հանցակազմ և ներկայացվի, որ նա հանցանք է գործել, դա պատժելի է՝ «մենք բոլորս կողմ կլինենք»: Բայց նման քայլերով, ըստ Ծառուկյանի, անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին և տվյալ մարդիկ չեն համապատասխանում իրենց պաշտոնին:
Հարցին՝ ինքը Հրայր Թովմասյանին համարո՞ւմ է Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ, Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է ասում լեգիտիմ չի.
«Թող հիմնավորումը բերեն, մենք էլ տեսնենք, որ լեգիտիմ չի: Բայց այսօր ո՞վ է այդ հարցը ներկայացրել: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք տեսնել, քննարկել՝ լեգիտիմ է, հանցաքն է գործել, եթե այդպես լինի մենք էլ բնական է կողմ կլինենք: Բայց որ մեկը դատարկ-դատարկ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում ու դառնում է կինոյի տղեն»,- հավելեց ԲՀԿ առաջնորդը: