ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավականին դրական է գնահատում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի աշխատանքն այդ ոլորտում:
Լրագրողների հետ զրույցում այսօր նա ասել է, որ նախքան հրաժարականի դիմումը հրապարակելը, Պետրոսյանը հանդիպել է իր հետ, ներկայացրել իր ունեցած տեսակետները, ունեցած խնդիրները քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանի հետ, ով այժմ իր խորհրդականն է, և քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ:
«Ինձ համար տրամաբանությունը մի փոքր ընդունելի չէ, նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ավինյանը ենթադրում է՝ Պետրոսյանը հիասթափված էր, որ այդ պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել:
Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», փոխվարչապետը որակել է որպես «շատ հետաքրքիր հայտարարություն», առաջարկել է փորձել նրանից անպայման պարզաբանում ստանալ դրա վերաբերյալ, որովհետև դա իր համար էլ է նորություն: Նա նշել է, որ նրա հետ հանդիպմանն այդ մասին որևէ խոսք չի եղել: «Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյանի որևէ խոսք անգամ չի գնացել»,- ասել է Ավինյանը:
Ինչ վերաբերում է Պետրոսյանի այն հայտարարությանը, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա, փոխվարչապետն ասել է, որ նա չի եղել քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի այն բոլոր խնդիրների խորքին, որ առկա են քաղաքաշինության ոլորտում:
«Իհարկե, միգուցե թվում է, թե մեկ այլ հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, կարծում եմ, այդպես չէ»,- ասել է Ավինյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Սարհատ Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել վարչապետին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվել էր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար 2018-ի օգոստոսին: