ՊՎԾ պետի պաշտոնում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։
Նախօրեին Analitik կայքը լուր հրապարակեց այն մասին, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Դավիթ Սանասարյանը տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:
Սանասարյանի առաջին արձագանքը հետևյալն է.
Հերթական շառը.
Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։
Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»,- գրել է նա Facebook-ի իր էջում: Ըստ էության՝ Սանասարյանը հերքեց միջադեպի հետ կապ ունենալը:
Բայց հետո նա ստիպված եղավ ընդունել, որ, այդուհանդերձ, իր մասնակցությամբ միջադեպ եղել է, երեխան հայտնվել է հիվանդանոցում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Analitik-ը հրապարակեց նաև Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը:
Դրանից հետո Սանասարյանը այլ գրառում կատարեց.
«Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։
Հաջորդ օրը, կինը նորից զանգեց, ու ասեց նորից ստուգման կարիք կա, նորից գործերս թողած գնացի ժամերով հիվանդանոցում անցկացրեցի, նորից ռենտգեն արեցին ու նորից ասեցին, որ խնդիր չկա։
Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է։
Կրկին մարդասիրությունից ելնելով՝ ամեն օր հետաքրքրվել եմ երեխայի որպիսության մասին, մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ ինձանից պահանջեցին այլևս չհետաքրքրվել երեխայով։
Հարց. ինչու հիվանդանոցում չասեց, որ վրաերթ է տեղի ունեցել ու ոստիկանություն չի դիմել.
Պատասխան. քանի որ նման բան չէր եղել, վկաներ կան, իսկ եթե նման բան ասեր սուտ մատնության համար պատասխանատվության էր ենթարկվելու։
Հ.Գ. հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով. պետք է պատասխանատվության ենթարկեն, որ անմեղ մարդկանց նկատմամբ շառ չանեն կամ քաղաքական կինոների մեջ դերակատարում չստանձնեն։
Հ.Հ.Գ. Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար»,- գրել է նա:
Նշենք, որ Ոստիկանությունն արձագանքեց լուրին, տարածելով հետևյալ պարզաբանումը.
«Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրականում, իրավապահները պետք է ուսումնասիրեն և հասկանան, ինչպես նաև հանրությանը ներկայացնեն, թե ով է մեղավոր և ինչ է տեղի ունեցել: Բայց ակնհայտ է, որ խոսը հանցավոր արարքի մասին է, ինչպես նաև գործը զուրկ չէ բարոյական կողմից, քանի որ Սանասարյանը, ըստ էության, մինչև վերջին պահը լռել է կատարվածի մասին: Մեղքի չափաբաժին ունի նաև բժիշկը: Սովորական քերծվածքի դեպքում անգամ բժիշկները հրավիրում են ոստիկանության աշխատակիցների և զարմանալի է, թե ինչու հենց այս դեպքում, երբ խոսքը փոքր երեխայի մասին է, որը բավականի լուրջ վնասվածքներ է ստացել, դա տեղի չի ունեցել:
Իսկ քանի դեռ իրավապահները պարզում են ողջ եղելությունը և կոծկումների հեղինակ-դերակատարներին, ճիշտ կլինի, որ Դավիթ Սանասարյանն ուղղակի լռի՝ ամեն բառ այս պարագայում ուղղակի իր դեմ է աշխատում: