Փաստաբան Երվանդ Վարոսյանը խստորեն դատապարտել է քաղաքական իշխանություններին դատարանների ու դատավորների հետ հարաբերություններում երկակի ստանդարտներ կիրառելու համար:
Նրա քննադատության առիթ է հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու փաստով ոստիկանության արագ արձագանքը եւ հետապնդողին ձերբակալելը, ինչպես նաեւ հետապնդման փաստի խստորեն դատապարտումը քաղաքական իշխանության կողմից:
Նա հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ այդ պարագայում նույն կերպ չվարվեցին ոստիկանները, երբ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մարդիկ չրջափակեցին ՀՀ դատարանները, իսկ դատավորներից մեկին, որն ուզում էր մտնել դատարանի շենք, տապալեցին գետնին:
Լույսը բացվեց, տեսնենք մի իշխանական շքերթ
«Լույսը բացվեց, տեսնենք մի իշխանական շքերթ, բոլորը բարոյագետ ու իրավաբան են դարձել։ Թե բա արդարադատության իրականացմանը խոչընդոտել, ամոթ, դատել, կախել, վառել...
Փաստորեն դուք նաև ցինիկ եք, փաստորեն «կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»-ն, դատավոր Հրաչի «ուզի-չուզի»-ն, Ազարյանի վրա հարձակումը, Հայաստանի բոլոր դատարանների աշխատանքը խոչընդոտելը, Բալայանին գետնին տապալելը, Գրիգորյանին քրեորեն հետապնդելը, Գյուլումյանին ՍԴ դիմաց քաշքշելը հեչ... վարչապետի ու ԲԴԽ նախագահի արտահայտած մտքից դատավորին հարց տալը մե՞ջ։
Լավ իրո՞ք դուք իշխանություն էիք ուզում, որ զուտ իշխանություն ունենաք, այսքան տարի անարդարության ու ապօրինության դեմ պայքարում էիք, որ ընդամենը դուք դա անելու հնարավորություն ստանա՞ք, երկակի ստանդարտների դեմ խոսում էիք, որ քառակի՞ն կիրառեք, լավ էդ աթոռներին թույն է՞ քսած, որ ով նստում ցինիկանում է», - ասված է Երվանդ Վարսոյանի գրառման մեջ, որը նոր տեղադրել է Facebook-ի իր էջում։
Սրա հետ մեկտեղ նա Facebook-յան իր էջում հրապարակել է ամիսներ առաջ դատարանների շրջափակման օրը դատավորներից մեկին գենտնին տապալելու պահը ֆիքսած լուսանկարը՝ գրառելով. «նույն դատարանի շենքը»: Երեւի ի նկատի ունենալով, որ մինչեւ այդ դատարանի շենք են հետապնդել Քոչարյանի աջակիցները դտավոր Աննա Դանիբեկյանին:
Այնուհետեւ նա կրկին հիշեցնում է դատարանների շրջափակման ակցիան՝ նշելով, որ դրա հետեւանքները դեռ շատ են իրենց զգացնելու տալու: «Հիշում ե՞ք դատարանների շրջափակումը... դեռ շատ ենք հիշելու», - նշում է նա:
Հավասարապես դատապարտելի են բոլոր դեպքերը
«Կտարվածի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաեւ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբյանը. «Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը հենց այս ու մնացած դատավորների նկատմամբ ճնշումներն անպատիժ մնալու հետևանքն էր: Հավասարապես դատապարտելի են բոլոր դեպքերը»:
Գործադիր իշխանությունը պարտավոր է հավասարաչափ ապահովել բոլոր դատավորների անվտանգությունն ու արժանապատվությունը:
Եթե գործադիր իշխանությունը դատավորների պաշտպանության իր պարտականությունը կատարում է ընտրողաբար (օրինակ` նույնանման արարքից պաշտպանում է մի դատավորի, բայց հրաժարվում է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի), ապա անպաշտպան թողնված դատավորի նկատմամբ պետությունը ցուցաբերում է խտրական վերաբերմունք, դրանով գործադիր իշխանությունը հաստատում է, որ ունի յուրային և իրեն չենթարկվող դատավորներ:
Այս խտրական վերաբերմունքը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, մասնավորապես` հասարակության որոշ շերտեր կարող է համարեն, որ ոչ յուրային դատավորներին պաշտպանելու բեռը թողնված է հասարակության այդ շերտերի ուսերին», - նշում է Բաբայանը:
Կտրուկ է արտահայտվել նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը. «Դատավոր Ա.Դանիբեկյանի հետ կատարված միջադեպը բոլոր այն դատապարտողներին, ովքեր չեն դատապարտել դատավոր Դ.Բալայանի միջադեպը, չեն դատապարտել դատավորներ Ա.Ազարյանի և Դ.Գրիգորյանի հետապնդումները, ասեմ, որ ձեր կարծիքը ունի զրո արժեք»:
Իսկ ինչ էր տեղի ունեցել
Հիշեցնենք, երեկ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Ոստիկանությունից հայտնում են, որ Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է, իսկ Աննա Դանիբեկյանին արդեն թիկնապահ է տրամադրվել: Կատարվածը խստորեն դատապարտել է նաեւ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: