Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը. Սենոր Հասրաթյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը պատասխան կտա տեսանյութ հրապարակելով։ Անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կօգտագործի Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Հիշեցնենք, նախօրեին ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես գրված է մեր տարածած լուրում։ Բացի այդ, մենք հայտնել ենք, որ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: Ուստի, անհրաժեշտության դեպքում, մենք պատասխան կտանք ու կհրապարակենք տեսանյութը»,–ասաց նա։