«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է սեպտեմբերի 15-18-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, տաղավարում ներկայացվել են ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։
Նախարար Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ալ. Լիխաչովը սեպտեմբերին կայցելի Հայաստան։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ընթացքը, ինչպես նաև նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։