Հայկ Մարությանը հրաժարական չի տա
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ «նոր է սկսել, ինչ հրաժարականի մասին է խոսքը»:
Անդրադառնալով մամուլում այսօր առկա հրապարակմանը, քաղաքապետը հորդորեց հրաժարվել դեղին մամուլին հավատալուց և կոչ արեց այդ մամուլի մակարդակը բարձրացնել, ոչ թե իջնել դրա մակարդակին.
«Մենք նոր ենք սկսել, ինչի՞ մասին է խոսքը: Մենք 6500 քմ մեր մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, մենք 2 մլրդ դրամով ավելացրել ենք մեր բյուջեն, մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Մարությանը նաև նշեց, թե Երեւանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կկարողանա անկախ լինել և իրագործել իր առջեւ դրված խնդիրները:
«Այսքանն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է մարդ մտածել հրաժարականի մասին: Հրաժարական տամ, որ այլեւս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»,- հավելեց նա:
Նշենք, որ «Իրատես» թերթը գրել էր, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ընդունել): Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխիթար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը: