Քննարկվում է 56 մլրդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հարցը. վարչապետ
Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Այս մասին Facebook-յան գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին և խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:
Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել, հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:
Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի», - գրել է նա: