24.11.2024
Զարիֆը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների անցկացման մասին
prev Նախորդ նորություն

Անկարայի դատարանը վճռել է կալանքից ազատել ընդդիմադիր գործիչ Սելահաթթին Դեմիրթաշին

Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ կալանքից ազատման որոշում է կայացրել, փոխանցում է Ermenihaber-ը:


«Ահաբեկչական խմբավորում ղեկավարելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն վարելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքի խախտման», «հանրության շրջանում հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «ժողովրդին օրինախախտության դրդելու», «հանցագործությունների մղելու», «հանցանքն ու հանցագործներին գովաբանելու» մեղադրանքով Դեմիրթաշի դեմ հարուցված գործով դատարանը վճռել է, որ ընդդիմադիր գործիչը կարող է ազատվել կալանքից, քանի որ նրա հարցաքննության փուլն ավարտվել է։


Կալանքից ազատ արձակման վճիռը պայմանական է, այսինքն՝ նույնիսկ ազատ արձակվելու դեպքում Դեմիրթաշը պետք է որոշակի փորձաշրջան անցներ։ Սակայն ԺԴԿ նախկին համանախագահը, այնուամենայնիվ, առայժմ կշարունակի մնալ Էդիրնեի բանտում, քանի որ ավելի վաղ մեկ այլ դատական գործով նրա դեմ կայացված վճռով դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման։


ԺԴԿ-ական մեկ այլ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դեմիրթաշն արդեն 2 տարի 10 ամիս գտնվում է բանտում, իսկ համաձայն Թուրքիայի Վճռաբեկ դատարանի որոշումների՝ ազատազրկման ժամկետի վերջին մեկ տարին կարող է ներառվել փորձաշրջանի մեջ։ Ուստի, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Սելահաթթին Դեմիրթաշը պետք է անհապաղ ազատ արձակվի։