26.11.2024
Կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերի են, հարկ է վերանայել ՇՄԱԳ-ը. «Էլարդ»

Մենք ծանոթացել ենք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ELARD-ի եզրակացությանը, այդ դրա մեկնաբանությունների հետ կապված խնդիր ունենք։ Այս մասին ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, դիմելով փորձագետներին, ասաց ՀՀ վարչապետը։


Նա նշեց, որ խնդիրը վերաբերում է բուն տեքստում երեւացող բազմաթիվ թերություններին, տվյալների բացակայություններին եւ նմանատիպ այլ արձանագրումների, եւ հանգամանքին, որ դրա հետ մեկտեղ եզրակացությունը մեծ հաշվով այնպիսին է, որ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են․


«Չնայած, որ հանքի շահագործման նախագծում ELARD-ը արձանագրել է մի շարք խախտումներ, թերություններ, թերհաշվումներ, նրա ընդհանրական եզրակացությունն այն է, որ առաջարկվող 10+6 մեղմման միջոցների կիրառման դեպքում բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Ինձ ասվել է, որ ձեր կողմից առաջարկված մեղմման միջոցներից տասն արդեն իսկ նախատեսված է եղել «Լիդիան» ընկերության ներկայացված ՇՄԱԳ-ով։ Ձեր հուշագրում առաջարկված 16 միջոցներից տասը արդեն իսկ նախատեսված են «Լիդիան»-ի իրականացրած շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթում․ կամ հերքեք կամ հաստատեք սա»,- փորձագետներին հարցրեց վարչապետը։


Ի պատասխան՝ վերջիններս պատասխանեցին, որ հաշվի առնելով տեխնիկական պայմանները, անորոշությունները եւ փոփոխականները, պասիվ մաքրումը, իրենց կարծիքով, գոնե հանքի շահագործման փուլում ադեկվատ պրոցես կամ մեղմացման ադեկվատ միջոց չկա «Լիդիան»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ում։


Վարչապետը հստակեցրեց հարցը՝ ի՞նչ տեղի կունենա, եթե «Լիդիան»-ի առաջարկած միջոցներով շահագործվի հանքը, ի՞նչ տեղի կունենա շրջակա միջավայրի հետ, եւ ի՞նչ տեղի կունենա, եթե հանքը շահագործվի ELARD-ի առաջարկած մեղմման միջոցներով․


«Ես նկատի ունեմ բոլոր պարամետրը՝ օդի, ջրի, հողի, աղմուկի եւ կենսաբազմազանության տեսակետից»,- հստակեցրեց Փաշինյանը։


ELARD փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդո Խուրին պատասխանեց միայն ջրային ռեսուրսների տեսակետից՝ նշելով, որ բոլոր ջրային ռեսուրսների համար նորմալ շահագործման եւ փակման դեպքում բնապահպանական ռիսկերը «հանքի անմիջական մերձակայքում պիտի որ դառնան կառավարելի», եթե «Լիդիան»-ի առաջարկած մեղմման միջոցառումները հավելվեն ընդհանուր հավելյալ եւ մեղմացման արտակարգ միջոցաումներով։


Փաշինյանը խնդրեց խոսել պրոֆեսիոնալ բառապաշարից դուրս, քանի որ հակառակ դեպքում միտքը գնահատելու խնդիր է առաջանում, եւ եզրակացության շուրջ ստեղծված տարընկալումներից մեկի առիթն էլ հենց այդ պրոֆեսիոնալ բառապաշարն է, որ չի հասկացվում՝ ինչ է ասված տեքստում․


«Այստեղ ոչ բոլորն են մասնագետներ, դրա համար խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ «պիտի որ դառնան կառավարելի»․ դա ի՞նչ է նշանակում, որ մեր ջրերը կաղտոտվեն քի՞չ, կաղտոտվեն միջի՞ն, չե՞ն աղտոտվի, ի՞նչ է նշանակում՝ «պիտի որ լինեն կառավարելի»։


Փորձագետը պատասխանեց, որ եթե հավելյալ միջոցառումներ ներդրվեն, իրենք համարում են, որ բնապահպանական ռիսկերը կվերահսկվեն, որ ստորգետնյա ջրերին, գետերին վնաս չի լինի․


«Այլ կերպ ասած՝ միջոցներ կարող են ներառվել, որ կառավարության պահանջները բավարարվեն՝ առանց սահմանափակելու ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը։ Միջոցառումները պետք է նախագծվեն պատշաճ, մշտադիտարկվեն բոլոր սցենարներում»։


ELARD-ի մեկ այլ փորձագետ էլ հավելեց, որ անհրաժեշտ է նոր պատշաճ գնահատում իրականացնել, որպեսզի հաստատվի պնդումը։


Փաշինյանն ասաց, որ այս պատասխանը կրկին պարզաբանման կարիք ունի․ «Ճիշտ ե՞մ հասկանում, որ ասում եք՝ քանի որ «Լիդիան»-ի առաջարկած միջոցների պարագայում դուք վստահ չեք, որ մենք կերաշխավորենք մեր ջրերի մաքրությունը, դուք դրա համար առաջարկում եք լրացուցիչ միջոցներ, որոնք կբերեն կհամապատասխանեցնեն էն վիճակին, որ մենք կունենանք որոշակի վստահություն»։


Փորձագետն ավելի հստակեցրեց՝ ասելով, որ «Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերություններ ունեն, եւ որպեսզի ամբողջականացվեն, հարկ է ըստ էության վերանայել ՇՄԱԳ-ը, եւ նոր ՇՄԱԳ-ի առաջարկություններով պատշաճ կերպով մշակել մեղմացման միջոցառումները։