Հայ ժողովուրդը կարող է լուծել անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրներ. Փաշինյանի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։
29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։
Ինքնիշխանության հաստատման այդ տարիների ամեն օրը մեզ համար եղել է հանրային համակեցության դժվարությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների, հայտնի ու թաքուն փորձությունների անընդհատ շղթա, որը կարողացել ենք հաղթահարել դարձյալ միասնական կամքով ու նվիրումով:
Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։
Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը», - ասված է նրա ուղերձում: