24.11.2024
Հայաստանն ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը զարգացնում են համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից՝ երկու զոհ Ղարաբաղում

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը ևս մեկ զոհ էր ունեցել՝ 1994թ. Վարդան Արթուրի Վարդանյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական դիրքերը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /11 արկ/, 82 /66 արկ/, 120 /14 արկ/ միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 /16 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /35 կրակոց/, հայտնում է Սիվիլնեթը: