ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում հույս ունեն, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն: Այս մասին այսօր Երևանում հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:
Նրա խոսքով, անկախությունից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանին տրամադրել է ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն: Նա միաժամանակ նշեց, որ Արցախին էլ ԱՄՆ-ը տրամադրել է 45 միլիոն դոլարի օգնություն: «Արցախը միակ չճանաչված հանրապետությունն է, որն ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում»,- ասաց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:
Նոր Հովսեփյանը հույս հայտնեց, որ 2020 թվականին Արցախի մասով աջակցությունը կհասնի 5 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է Հայաստանի տրամադրվելիք ֆինանսական աջակցությանը, նա նախ հիշեցրեց, որ կոնգրեսական Ջեքի Սփիրի՝ Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը աջակցություն է ստացել թե Դեմոկրատական, թե Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից. «Հայաստանի վերաբերյալ արդեն կա 45 միլիոն դոլարի մասին որոշում, եթե ԱՄՆ նախագահը հաստատի Սփիրի առաջարկը, ապա դրան կգումարվի ևս 40 միլիոն դոլար»:
Հատկանշական է՝ այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նորա Հովսեփյանը միաժամանակ նշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է նվազեցնել բոլոր երկրներին տրվող ամերիկյան օգնությունը, նույնիսկ այն երկրների, որոնք մշտապես մեծ գումարներ են ստացել: Անդրադառնալով Ադրբեջանին Իրանի հետ սահմանի ամրապնդման համար 100 մլն դոլարի տրամադրման մասին տեղեկությանը, Նորա Հովսեփյանն ասաց, որ լուրը շրջանառվում է, բայց իրականությանը չի համապատասխանում. «Դա ֆեյք լուր է»:
Նրա խոսքով՝ Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության» ակտի 907-րդ բանաձևի համաձայն` ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն տրամադրել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության պատճառով. «Անշուշտ Ադրբեջանը ԱՄՆ-ից կստանա ֆինանսական աջակցություն, բայց այլ նպատակների համար»: