Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ Արցախի շուրջ զարգացումները։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Անվգանտության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ որ անհրաժեշտություն է տեսնում ընդլայնել անվտանգության հայեցակարգը:
«Մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից: Անհերքելի է, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են: Անհրաժեշտ են համարում ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն», - ասաց ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ պատրաստ են ամենայն պատասխանատվությամբ ստանձնել Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործառույթները:
Իսկ այն, որ Հայաստանը պետք է ունենա անվտանգության նոր ռազմավարությունը, ԱԽ քարտուղարը համարում է անհրաժեշտություն, քանի որ վերջին 12 տարիներին երկրում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել:
Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև Երևան-Ստեփանակերտ հարաբերություններին: Նրա խոսքով, այսօր դրանք գտնվում են լավ վիճակում, թեև խոստովանեց, որ խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են.
«Քայլեր կատարվում են դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ: Երևան-Ստեփանակերտ հարաբերությունները այսօր գտնվում են լավ վիճակում: Այո, խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են», - շեշտեց Գրիգորյանը։
Խոսելով իր Ստեփանակերտում կայացած հանդիպումներից, Գրիգորյանն ասաց, որ մշակվող անվտանգության նոր ռազմավարությունը ևս քննարկվել է, քանի որ Արցախի եւ Հայաստանի անվտանգային միջավայրը միասնական է և դա հաշվի առնելով, պետք է ձևավորել մի այնպիսի փաստաթուղթ, որ երկու պետությունների համար էլ անվտանգությունը լինի շատ բարձր մակարդակի վրա: