26.11.2024
Վերաքննիչը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքը
prev Նախորդ նորություն

Մասսայական խափանում․ ՀՀ ողջ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքվում

Այսօր առավոտից Հայաստանի ողջ տարածքում չեն կնքվում ԱՊՊԱ պայմանագրեր։ «Կանգնած» են նաեւ Ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման կետերը։ Քաղաքացիներին չեն տրամադրում «տեխանձնագրեր» ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։


Այսօր առավոտից առաջացած խնդրի մասին ահազանգում են բազմաթիվ քաղաքացիներ։ «Առավոտից հերթերի մեջ ենք, սպասում ենք, որ համակարգն աշխատի։ Մի քանի ժամը մեկ ասում են՝ շուտով կաշխատի համակարգը, սակայն դա տեղի չի ունենում»,- մեզ հետ զրույցում նշեց Սարգիսը, որն այս պահին գտնվում է ՃՈ հաշվառման կետերից մեկում՝ հերթում։ Քաղաքացիներին տեղեկացրել են, որ խնդիր է առաջացել Ավտոապահովագրողների բյուրոյի բազայի ու ՃՈ ծառայության հաշվառման համակարգի սինքրոն աշխատանքում։ «Այդ երկու համակարգերի միջեւ ինչ-որ խնդիր է ծագել։ Հիմա ՃՈ հաշվառման կետում, որտեղ ես եմ գտնվում, ԱՊՊԱ-ի գրասենյակ կա, որը չի աշխատում, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի հնարավոր չէ ավտոմեքենայի տեխանձնագիր վերցնել», - նշում է նա VERELQ-ի հետ զրույցում։


Ոստիկանությունն ու Ավտոապահովագրողների բյուրոն հստակ պատասխաններ չեն տալիս, թե երբ կաշխատի համակարգը։ Միեւնույն ժամանակ հազարավոր քաղաքացիներ սպասում են սահմանին ու ՃՈ հաշվառման կետերի հերթերում՝ փաստաթղթային ձեւակերպումներ իրականացնելու համար։ Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ այս տարի ռեկորդային քանակությամբ (2019 թ-ի առաջին կիսամյակի կտրվածքով՝ ծուրջ 70 հազար) ավոտմեքենաներ են ներմուծվում Հայաստան։ Մյուս կողմից այժմ ակտիվ տուրիստական շրջան է՝ շատերն իրենց ավտոմեքենաներով են Վրաստանից կամ ՌԴ-ից ժամանում Հայաստան՝ հանգստանալու։ Նրանք չեն կարող իրենց ավտոմեքենաներով մուտք գործել երկիր, եթե չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Այդ պայմանագրի բացակայությունը մեծ տուգանքների կարող է հանգեցնել։


Խնդիրն առաջացել է դեռեւս հուլիսի 23-ին, բայց շատ կարճ տեւեց, մեր հեռախոսազրույցում նշեց Ավտոապահովագրողների բյուրոյի ներկայացուցիչը։ Այնուհետեւ առաջացավ այսօր առավոտյան ու մինչեւ այժմ չի կարգավորվել․ «Այո, նման խնդիր կա։ Բանն այն է, որ մեր եւ ՃՈ-ի բազաների սինքրոն աշխատանքում խզվածք է առաջացել, որի պատճառով հնարավոր չէ այս պահին ԱՊՊԱ պայմանագրեր կնքել։ Մեր մասնագետներն աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ, սակայն հստակ չենք կարող ասել, թե այն երբ կկարգավորվի», - ասաց բյուրոյի ներկայացուցիչը՝ դժվարանալով նշել առաջացած մասշտաբային խափանման պատճառը։