26.11.2024
Մասսայական խափանում․ ՀՀ ողջ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքվում
prev Նախորդ նորություն

Հայաստանից արտագաղթը նվազել է․ 2015-ից ցուցանիշը բարելավվել է մոտ 32 անգամ

Հայաստանից արտագաղթի ցուցանիշը նվազել է: 2015-ի համեմատ այս տարի ցուցանիշը բարելավվել է մոտ 32 անգամ: Այս մասին ասված է Facebook սոցիալական ցանցում ՀՀ կառավարության պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։ Գրառման հետ տեղադրված է նաեւ ինֆոգրաֆիկա։



Անցյալ տարվանից Հայաստանի միգրացիայի ոլորտում պահպանվում է դրական դինամիկա: 2019 թ-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանից արտագաղթի ցուցանիշը կրկին նվազել է: Այսպես, այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ երկրից ելքի ցուցանիշը մոտ 2334-ով գերազանցում է մուտքերը: Այս ցուցանիշը շուրջ 4 հազարով զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ելքերի թվին, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել էր -37 625 մարդ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:


Հայաստանի միգրացիոն սալդոն հաշվելիս Վիճակագրական կոմիտեն հիմնվում է սահմանային հատումների էլեկտրոնային հաշվարկման համակարգի տվյալների վրա:


Թեեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն կիսամյակային տվյալները հրապարակելու է երկու օրից՝ հուլիսի 25-ին (կիսամյակային նախնական օպերատիվ տվյալները, իսկ հաջորդ ամսի 5-ին՝ արդեն դրանց բացվածքը), Արմեն Ղազարյանը տրամադրեց տեղեկատվություն նաեւ ՀՀ քաղաքացիների՝ երկրից ելքերի ու մուտքերի վերաբերյալ: Այստեղ եւս պահպանվում է դրական դինամիկա: «Այս տարվա վեց ամիսների տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների ելքերը երկրից 44 409-ով գերազանցում են մուտքերին: Այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն ավելի բարցր էր՝ 50 784, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում՝ 75 625»,- ասաց միգրացիոն ծառայության ղեկավարը՝ նշելով, որ կիսամյակային տվյալների վրա պետք չէ շատ ուշադրություն սեւեռել, քանի որ միգրացիայի ընդհանուր պատկերը հայտնի է դառնում տարեվերջին:


«Սրանք սեզոնայնությամբ պայմանավորված տվյալներ են, որոնցից հեռուն գնացող հետեւություններ չի կարելի անել: Սակայն մեկ բան կարելի է ասել, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ պահպանվում է դրական դինամիկա այս ոլորտում, ինչը կարեւոր է: Իհարկե, խզվածքը դրական առումով այնպիսին չէ, ինչպիսին անցյալ ու նախանցյալ տարիների վեց ամիսների տվյալների միջեւ, սակայն դրական դինամիկան ակնհայտ է: Մասնագետների կարծիքով, կարեւորը դրական դինամիկայի պահպանումն է, որն այլ գործիքների հետ համադրմամբ էականորեն հեշտացնում է երկրում դեմոգրաֆիական իրավիճակի մեղմումը», - ասաց Արմեն Ղազարյանը:


Միեւնույն ժամանակ հետաքրքրական է այն, որ ռուսաստանյան որոշ աղբյուրներ հայտնում են Հայաստանից դեպի Ռուսաստան ներգաղթյալների աճի մասին, որը հակասում է ՀՀ պաշտոնական տվյալներին: Այն է՝ 2019 թ-ի հունվար-ապրիլին ՀՀ-ից ՌԴ ներգաղթյալների թվի աճ է գրանցվել, ասվում է «Ռուսաստանում տնտեսական իրավիճակի մշտադիտարկում» զեկույցում: Թեպետ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին վեց ամսում ՀՀ քաղաքացիների արտագաղթն անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է:


Համաձայն զեկույցի տվայլների, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 12 հազարով։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 4,9 հազար: Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միեւնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։


Այս տվյալների հետ, որը հրապարակված է «Ռուսաստանում տնտեսական իրավիճակի մշտադիտարկում» զեկույցում, համամիտ չեն Հայաստանի միգրացիոն ծառայությունում: «Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ մեթոդաբանությամբ են կատարվում չափումները եւ դրանց վերլուծությունը: Համաձայն Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալների՝ 2017 թ-ի առաջին կեսին ՌԴ-ում հաշվառված ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 316 հազար: 2018-ի նույն ժամանակահատվածում այն հասել է 326,5 հազարի, իսկ ահա այս տարվա վեց ամիսների տվյալներով՝ այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 303 հազարի», - նշում են միգրացիոն ծառայությունում՝ տարակուսելով, թե այս տվյալների ֆոնին վերնոշյալ զեկույցի եզրակացություններն անհասկանլի են:


ՀՀ միգրացիոն ծառայությունում նշում են, որ վերջին երեք տարում Ռուսաստանում օրինական աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը եւս նվազել է՝ 2017 թ-ի առաջին կիսամյակի 115,8 հազարից 2019 թ-ի նույն ժամանակահատվածում հասնելով 106 հազարի: