Նախիջեւան հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
16.07.2019
Հայաստան-Նախիջեւան հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանին:
Նա տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ։ «Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։ Հրդեհի տարածումը կանխել ենք, բայց կարծես թե նորից է տարածվում»,–ասաց մեր զրուցակիցը։
Հայ–ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։