ՌԴ-ում պատրաստ են փուլ առ փուլ հանել սահմանափակումները Վրաստանի հանդեպ
Ռուսաստանը պատրաստ է փուլ առ փուլ չեղարկել Վրաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումներն այն պայմանով, որ այդ երկիրը նույնպես պատրաստ լինի համագործակցության: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին «Վրաստանի հայրենասերների դաշինքի» պատգամավորների հետ հանդիպումնից հետո հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բարելավել համագործակցությունը, եթե Թբիլիսին նույնպես նման հայացքներ դրսևորի:
Ռուսաստանի և Վրաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2008թ.-ին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների շրջափակումից հետո: Դրանից ի վեր երկու երկրների միջև երկխոսությունն ընթանում է Ժնևյան քննարկումների շրջանակներում:
Ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ սրվել էին հունիսի 20-ից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրան մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին հետևել, որոնց ընթացքում 240 ցուցարար էր տուժել, 305-ը ձերբակալվել էին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր Ռուսաստանին երկրի ներսում պառակտում ստեղծելու փորձի համար, ինչին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից դադարեցվել են Ռուսաստանից Վրաստան ուղևորատար չվերթները, ինչպես նաև վրացական ավիաընկերություններին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ռուսական կողմը խորհուրդ է տվել օպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին իր քաղաքացիներին դեպի Վրաստան տուր-փաթեթներ չվաճառել:
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, երկրների միջեւ երկխոսությունը պահվում է Ժնեւի բանավեճերի շրջանակում։ Երկու երկրների հարաբերությունները խզվել են վրացական կողմից այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները քանիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները եւ վերանայման ենթակա չէ։