24.11.2024
Կոնգրեսականներն առաջարկել են Թրամփին արգելել Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել
prev Նախորդ նորություն

Politico. Դավութօղլուն իրեն ներկայացնում է որպես Էրդողանի «ռեֆորմիստական այլընտրանք»

Թուրքերը տասնամյա ճնշումներից հետո սկսում են հավատալ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոցելի է՝ գրում են Սինան Սիդդին եւ Սթիվեն Քուքը Politico-ի հոդվածում:

Թուրքական տնտեսությունն այժմ վատ վիճակում է հայտնվել: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուն պարտվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում՝ կորցնելով հիմնական մեգապոլիսները, ներառյալ քաղաքապետարանը: Հայտնվեց նոր մրցակից՝ երկրի նախկին արտգործնախարար եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով հայտարարեց նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին:

Կկարողանա՞ Դավութօղլուն փրկել Թուրքիան եւ այն տանել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով: Նման հարց են ուղղում թուրքական լրատվամիջոցները: Դավութօղլուն, կարծես, իրեն ներկայացնում է որպես Էրդողանի «ռեֆորմիստական այլընտրանք», այլապես նա վերջերս չէր քննադատի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ այն անվանելով «նեղ եւ շահադիտական խումբ, որը դարձել է սեփական ամբիցիաների զոհը»:

Նույնիսկ եթե նա հավաքի համախոհների, քիչ հավանական է, որ կդառնա բարեփոխիչ, ինչպես ինքն է իրեն ներկայացնում:

2009-2014թթ., երբ Դավութօղլուն զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, Արմուտքը Թուրքիան դիտարկում էր որպես մուսուլմանական աշխարհի պոտենցիալ առաջնորդ: Սակայն Դավութօղլուն իր իշխանությունն օգտագործում էր՝ դիվանագետների կարիերան սահմանափակելու եւ նախարարությունը քաղաքականացնելու համար: 2014-2016թթ., երբ նա վարչապետ էր, ճնշումներ էր կիրառում այլախոհների դեմ: