Կոնգրեսականներն առաջարկել են Թրամփին արգելել Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել
ԱՄՆ 2 կոնգրեսական երեքշաբթի հայտնել են, որ ռազմական բյուջեում փոփոխություն են առաջարկել, որը նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել:
Դեմոկրատ Ռո Հաննան եւ հանրապետական Մեթ Գեթցը առաջարկել են փոփոխություն կատարել, որը թույլ չի տա համանման գործողությունների ֆինանսավորումը: ԱՄՆ-ում Կոնգրեսն է ամբողջությամբ վերահսկում բյուջեի ծախսային մասը:
«Անցյալ շաբաթ ականատես եղանք, որ նախագահ Թրամփը ընդամենը մի քանի րոպեով էր հեռու Իրանին հարված հասցնելուց եւ ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում եւս մեկ՝ մեկ տրիլիոն դոլար արժեցող պատերազմի մեջ ներքաշելուց: Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Թրամփը խոստացել էր վերջ տալ արտասահմանում թանկարժեք պատերազմներին, բայց հաշվի առնելով, թե ինչ խորհրդականների է ընտրել եւ նրա վերջին ռիսկային գործողությունները, նա իր խոստումը չի կատարում»,- իր հայտարարության մեջ նշել է Հաննան: