Խորհրդարանի խոսնակին խորհուրդ եմ տվել անհապաղ դադարեցնել նիստը. Բիձինա Իվանիշվիլի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ անընդունելի է, որ «Վրաստանի խորհրդարանում օկուպանտ երկրի ներկայացուցիչն է ղեկավարում վեհաժողովը»։ Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ:
«Ինձ հայտնել են, թե արարողակարգային սխալ է եղել, որի քաղաքական կարևորությունը, ցավոք, կազմակերպիչները հաշվի չեն առել։
Ամբողջովին կիսում եմ մեր համաքաղաքացիների անկեղծ մտահոգությունը խորհրդարանում զարգացած իրադարձությունների վերաբերյալ: Անընդունելի է, որ Վրաստանի խորհրդարանում օկուպանտ երկրի ներկայացուցիչն է ղեկավարում վեհաժողովը։
Սակայն տեղի ունեցածը, անպայման, համապատասխան արձագանքի կարժանանա: Ես արդեն խոսել եմ խորհրդարանի խոսնակի հետ, իմ կոշտ դիրքորոշումն եմ հայտնել նրան և, իհարկե, խորհուրդ եմ տվել` անհապաղ դադարեցնել նիստը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թբիլիսիում պետք է շարունակվեր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, սակայն վրացի մի խումբ պատգամավորներ խաթարել են նիստի աշխատանքը՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքին, որ դրան ներկա է նաև Ռուսաստանի պատվիրակությունը: