Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:
Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը:
Ասամբլեային մասնակցում է նաև Հայաստանը` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությամբ:
«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, գրում է Aliq.ge-ն:
Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղջեկավարել նիստը:
ՈՒղղափառության միջխորհրդարանային վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանը Վրաստանի խորհրդարանում չի շարունակվելու,-այս մասին հայտարարել է «վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով, ռուս պատգամավորը Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին հայտնվել է սխալմամբ:
«Մենք ընդունել ենք որոշում, որ Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում հենց այն բանի պատճառով, որ Գավրիլովը առանց համաձայնության հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի բազկաթոռին և վարել նիստը, Վրաստանի խորհրդարանում վեհաժողովը չի շարունակվելու»,-հայտարարել է Մդինարաձեն:ա
Նա ներողություն է խնդրել վեհաժողովի մասնակիցներից և ասել, որ նիստը կկայանա այլ վայրում: