26.11.2024
Պուտինը կոչ է արել եվրասիական գործընկերություն կառուցել առանց քաղաքական էգոիզմի
prev Նախորդ նորություն

Մինսկի խումբը փորձում է փրկել Հարավային Կովկասը մեծ պատերազմից

Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հերթական հանդիպումը։


Վերջին օրերին կտրուկ լարվել է իրավիճակը ղարաբաղյան սահմանին՝ ադրբեջանական զինուժի կրակոցից նախօրեին հայ զինծառայող էր զոհվել: Ադրբեջանը շարունակում է անօդաչուների միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել սահմանի ողջ երկայնքով ու սահմանի տարբեր հատվածներում կրակ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ:


Ադրբեջանն այդ կերպ ցանկանում է արագացնել ղարաբաղյան բանակցային գործընթացում հայկական կողմից տարածքային զիջումներն ու ուժի սպառնալիքով ցույց է տալիս, որ բանակցությունների տապալման այլընտրանքը պատերազմն է: Ադրբեջանը չի համակերպվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Բաքուն ապակայունացնելով առաջնագիծը՝ մեսիջ է հղում առաջին հերթին Մինսկի խմբին, որ Երևանին անհրաժեշտ է համոզել հետ կանգնելու բանակցային ձևաչափի փոփոխության գաղափարից, հակառակ պարագայում Ադրբեջանը հարցի կարգավորումն իրականացնելու է ռազմական ճանապարհով:


Ղարաբաղյան հակամարտությունը մտնում է փակուղի՝ կողմերի իրար հակասող դիրքորոշումների պատճառով: Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ և հնարավորինս արագ, իսկ հայկական կողմերը չեն ցանկանում գնալ տարածքային զիջումների, ինչը ենթադրում են այսպես կոչված մադրիդյան սկզբունքներն: Հայկական կողմերը փորձում են Արցախին վերադարձնել բանակցային սեղան՝ այդ կերպ բանակցային ֆորմատը դարձնելով եռակողմ՝ ՀՀ-Ադրբեջան-Արցախ, որտեղ Բաքուն պետք է ճանաչի Արցախի սուբյեկտայնությունը, սակայն դա երբեք տեղի չի ունենա:


Բաքուն տասնյակ անգամ այս մեկ տարվա ընթացքում հայտարարել է, որ Ղարաբաղին, այն էլ ԼՂԻՄ նախկին սահմաններով, տրամադրվելու է ինքնավարություն, այսինքն՝ Արցախի անկախության ճանաչման մասին խոսք լինել չի կարող:


Նրանք սահմանել են իրենց այն կարմիր գիծը, որից այս կողմ չեն զիջելու: ՀՀ-ն ու Արցախը պետք է հզորանան տնտեսապես ու ամրապանդեն բանակը, քանի որ Բաքուն հարձակվելու է: Հարձակման ուղղությունն ու ժամանակը հայտնի չէ, սակայն այդ հարձակման այլընտրանքը հայկական կողմերի համար անընդունելի ու ցավալի տարածքային զիջումներ են Բաքվին: Երևանն ու Ստեփանակերտը դրան չեն գնա: Հարցի հանգուցալուծումը տեղի է ունենալու նոր պատերազմի և ղարաբաղյան ճակատում նոր ստատուս-քվոյի հաստատման միջոցով:


Մինսկի խումբը ցանկանում է փրկել իրավիճակն ու մարել հրդեհը՝ հունիսի 20-ին կայանալիք հանդիպումը փորձ է կողմերին հետ պահել լայնածավալ պատերազմից: Ինչքանով դա կհաջողվի Մինսկի խմբին ցույց կտա ժամանակը, սակայն այն հանգամանքը, որ Բաքուն ռազմական առումով գերակշռություն ստանալու դեպքում կրկնելու է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի սցենարը՝դրանում կասկած չկա: Նրանք ռազմական ճանապարհով փորձելու են արագացնել հարցի քաղաքական կարգավորումը՝ռազմական գործողություններով մաս-մաս հետ բերել հողերն ու այնտեղ ամրապնդվելով ստեղծել նոր պլացդարմներ արդեն Ստեփանակերտի և Շուշիի ուղղությամբ գրոհելու համար: