Փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ այսօր արված հայտարարության կապացությամբ տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ:
ՔԿ-ի մամուլի ծառայություն հորդորում է՝ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց:
Նշենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ Սարգիս Ավագյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ:
Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության:
Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ: Այս պահին ստուգվում են ցուցմունքներում մատնանշված հանգամանքները:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.:
Ձեռնարկվում են անհետաձգելի և ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Քրեական գործի քննության շահերց ելնելով՝ այս պահին այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: