Նորություններ Չինաստանից՝ «Նաիրիտի» մասով
Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, և կայացվել են կարևոր որոշումներ: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։
«Մասնավորապես՝
• Հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը։
• Ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը:
• Չինական կողմը ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։
• Հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ և գլխավոր հաշվապահի տեղակալ։
• Որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը և այն ընդգրկել ձեռնարկության կազմում, որը ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել արդյունավետությունը։ Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո, և իրականացվելու են երեք տարվա ընթացքում։
• Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը և աուդիտի իրականացմանը կմասնակցի նաև հայկական կողմը ներկայացնող մասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում և տեղում կհետևի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը»,- գրել է Սիսեռյանը։