Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել: Ներկայացրել եմ արցախյան հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, նաև հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն: Պարզվել է՝ բոլորը համաձայն են դրա հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանից հետո, երբ հանդիպմանը ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իր մոտ հարց է առաջանում. ես այս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, ու այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա գրի, որ Փաշինյանն ասում է՝ հողերը ծախում ա: Ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում», - ասաց վարչապետը։
Ընդ որում, շարունակեց Փաշինյանը, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի տեղեկություն չի ունեցել, քանի որ իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել։
«Ես եմ Արցախի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Արցախի իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես, թե ինչ է բանակցվել ինձանից առաջ: Հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է բանակցվել, պարզվել է, որ տեղյակ չեն եղել», - շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը հրաժարվեց կոնկրետացնել, թե ում նկատի ունի:
Հիշեցնենք, մայիսի 20-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: