24.11.2024
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ռուսական զորքերը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը զսպող գործոն

Նախիջևան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմերը և զրահատեխնիկան՝ մասնակցելու «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով հունիսի 7-11-ը անցկացվելիք թուրք-ադրբեջանական մարտավարական նշանակության զորավարժություններին:


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին:


«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ», - Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:


Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման: Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որոնք կբավարարեն Բաքվին:


Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի՝ հարձակողական զինատեսակներ՝ հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:


Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան: Հասկանալի է, որ դա արվում է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական նպատակներով՝ Թուրքիայից դեպի Նախիջևան զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ տեղափոխելու ու օպերատիվություն հաղորդելու համար:


Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում, երբ Ղարաբաղում պատերազմ լինի: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն , ու դամոկլյան սուր կախված կլինի մայրաքաղաք Երևանի վրա՝ Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:


Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը ՝ Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ ուժերը տարբեր ճակատներով՝ ղարաբաղյան, Տավուշ՝ հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:


ՀՀ ՊՆ-ի խոսնակը հստակ մեսիջ է հղել, որ ՀՀ-ն՝ իր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, նույնպես իրականացնում է զորավարժություններ՝ այդ կերպ հասկացնելով առաջին հերթին Անկարային, որ Նախիջևանից մայրաքաղաք Երևանին կամ Սյունիքին սպառնալիքի կամ հարձակման դեպքում ՀՀ-ն կարող է հենվել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաև հայ-ռուսական համատեղ զորախմբի վրա, որպես հակակշիռ թուրք-ադրբեջանական տանդեմին:


ՀՀ-ն Մոսկվայի ռազմավարական գործընկերն է, կողմերը կապված են համատեղ պաշտպանության պայմանագրերով և հարձակում ՀՀ-ի վրա նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա, ինչը կարևոր զսպող գործոն է Թուրքիայի համար, որն ունի մեկ միլիոնի հասնող բանակ:


ՀՀ-ի դեմ է կենտրոնացված թուրքական 3-րդ դաշտային բանակը, որն անվանում են նաև կովկասյան: Այդ բանակի դեմ հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուսական զորքերը, որոնք պաշտպանում են նաև ՀՀ-ի թիկունքը՝ Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման պայմաններում: ՌԴ-ի ռազմական ներկայությունը թույլ է տալիս ՀՀ-ին չպատերազմել 2 ճակատով՝ Թուրքիա և Ադրբեջան, ինչպես նաև ռուսական գործոնը զսպող է ՆԱՏՕ-ական Թուրքիայի համար, որը չի գնա ուղիղ ռազմական բախման ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ:

Չմոռանանք, որ ՌԴ-ն միջուկային տերություն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հակառակորդների համար: