26.11.2024
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դոն Պիպոյի երազանքը՝ դուր գալ Նիկոլ Փաշինյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկինում Մանվել Գրիգորյանի, իսկ այժմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի դեմ ցույցեր կազմակերպող Ջիվան Աբրահամյանն ուղղորդվում է Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի կողմից: Դոն Պիպոն ԱՀ նախագահի դեմ թերևս ոչինչ չունի, նա ընդամենը ցանկանում է դուր գալ Նիկոլ Փաշինյանին և ցույց տալ, որ պատրաստ է տարբեր ծառայություններ մատուցել նրա իշխանությանը, բայց միշտ չէ, որ կարողանում է ճշգրիտ գուշակել իշխանության ցանկությունները»:


«Իրավունք թերթը գրում է. «Կան խոսակցություններ, որ վերջին հայտնի նիկոլական հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի միանգամայն թուրքաշունչ (մինչ այս նման հայտարարություններ լսել էինք միայն Ադրբեջանից և Թուրքիայից) բռնության կոչը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարերով ցխելու» մասին, թեև իշխանական վերնախավում դժգոհություն է առաջացրել, սակայն միայն քաղաքական տեսանկյունից: Այ­սինքն, որ քաղաքականապես սխալ էր հրապարակավ ինքնադիմակազերծող նման հայտարարություններ անել, թեև բոլորն էլ հասկանում են, որ սույն «հերոսը» պարզապես արտահայտեց այն, ինչը նույն շրջանակների գաղափարախոսության բաղադրիչներից է: Թեև փաշինյանական թևը «տակից դուրս գալու» հա­մար այլ տարբերակ չգտավ, քան պաշտոնապես տվյալ հավաքի կազմակերպիչներից հրաժարվելը, սակայն դա ընդհանուր պատկերը չի փոխում:


Այն է, անգամ ադրբեջանա­կան աղբյուրներն են հրճվանքով խոսում այն հակասությունների մա­սին, որը կա ՀՀ-ի և ԱՀ-ի իշխանա­կան վերնախավերի մեջ: Ու ահա այս ֆոնին էլ, մեր մեկ այլ աղբյուր նաև նման տեղեկություն փոխանցեց, նիկոլականների հանրահավաքում ԱՀ նախագահի հաս­ցեին նման թշնամական մտքեր հնչեցնելն ամենևին էլ պատահա­կան չէր: Արցախյան իշխանություն­ների հանդեպ թշնամանքի հետևողականորեն սրումը, ըստ աղբյուրի, հայտնի արևմտյան խամաճիկների քաղաքական հաշվարկների բաղ­կացուցիչն է: Կհաջողվի՞ այդ ընդհանրական ծրագրի արդյունքում Արցախում «հեղափոխական» իշխանափոխության հասնել ու այնտեղ էլ տեղավորել դրածոներին, շատ լավ: Չի՞ հաջողվի, առնվազն անկայուն իրավիճակ Արցախում կստեղծվի: Ընդ որում, արդեն անգամ կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանն ընդգրկվա՞ծ է Արցախն ապակայունացնելու այդ գործընթացում, թե ոչ. նրա անունից հրավիրված հանրավաքում նման հայտարարություններն ընկալվում են որպես հենց Փաշինյանից եկող ազդակ: Այսինքն՝ Փաշինյանը հա­կառակն ապացուցելու համար պետք է անմիջապես կալանքի տակ առներ ԱՀ նախագահի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնողին և այդ կերպ Արցախի հետ հարաբերություններն աննա­խադեպ սրեցում առաջացնողին, ինչպես որ պարտավոր էր նույն մո­տեցումը ձեռնարկել ԱՀ Անվտան­գության խորհրդի նախագահի հան­դեպ օրերս ոչ պակաս պրովոկացիոն գործողություն նախաձեռնողի հանդեպ»:


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պլանավորված էր հաջորդ շաբաթ արտահերթ նիստում քննարկել, ընդ որում՝ սպասվում էր, որ այդ արտահերթը բավական երկար կտևի՝ հաշվի առնելով նախագծի ծավալը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունները: Սակայն երեկ երեկոյան որոշվել է առաջիկա հերթական նիստում փաթեթը ներառել: Ի վերջո, իշխանությունները նկատի են ունեցել փաստը, որ հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, ինչի համար որոշում է կայացվել այն ինչքան հնարավոր է շուտ սկսել քննարկել: Մեր տեղեկություններով` խորհրդարանում սպասում էին այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշմանը՝ քննարկել արտահերթ, թե հերթական նիստում: Եվ, ահա, երեկոյան որոշումն արդեն կայացվել է. ամեն ինչ անել արագ հերթական նիստում ավարտելու համար»


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ լրատվական կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում, թե ՌԴ իշխանությունները բավարարել են Հայաստանում հարուցված քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը, ՀՀ պատկան մարմինները, սովորության համաձայն, լռում են: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից այդպես էլ հստակ պատասխան չստացվեց՝ ի վերջո բավարարվել է միջնորդությունը, թե ոչ: Նման անորոշություն էր նաև ՀՀ ԱԳՆ-ում: Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս կապակցությամբ պատասխան ստանալ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, սակայն կրկին ապարդյուն. նրանք ևս որևէ ինֆորմացիայի չէին տիրապետում: Եվ սա այն դեպքում, երբ խոսք է գնում ՀՀ քաղաքացու, գեներալի կոչում ունեցող նախկին պաշտոնյայի մասին: Ավելորդ է, թերևս, բացատրել, թե քաղաքական առումով ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Մ. Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տալը: Ստացվում է՝ ՌԴ-ն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական ընդհանուր միավորման մեջ, իր այդ քայլով կընդունի՝ մեր երկրում չկա ժողովրդավարություն, այլ կան քաղաքական հալածյալներ: Իսկ սա արդեն վատ մեսսիջ է աշխարհին, և հարված ՀՀ իմիջին: Թեև, իրականում բոլորի համար պարզ է, որ հարուցված քրեական գործը բացառապես իրավական դաշտում է, թելադրված է բացառապես ՀՀ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությամբ, և որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրավոր հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն, և ստանալուն պես կհրապարակենք այն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակ Զեյնալյանի գլխավորած արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել դատաիրավական բարեփոխումների ֆունդամենտալ փաթեթ: Այս որոշումը մեծ դժգոհություններ է առաջացրել «Իմ քայլը» խմբակցությունում: Խմբակցությունում համարում են, որ Անցումային արդարադատության ու վեթինգի մասին օրենքներն առանց այն էլ ծանր բեռ են իրենց համար, որին արդարադատության նախարարությունը ուզում է ավելացնել դատաիրավական բարեփոխումների փաթեթը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները վաղը աշխատանքային այցով մեկնելու են Մոսկվա։ Նախատեսված է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպում։ Սպասվում է, որ կողմերը բացի նախատեսված ավանդական օրակարգային հարցերից, կքննարկեն վերջին օրերին ներհայաստանյան զարգացումներն ու դրան ուղեկցող մի շարք իրողություններ»։


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչ օրս փորձ չի արել կապի դուրս գալ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ եւ որոշակի պարզաբանումներ տալ՝ անցած կիրակի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված երեւանյան միջադեպի առնչությամբ: Իսկ Վիտալի Բալաասանյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ այդ զանգին իրականում սպասել է եւ գուցե բացատրություն է ակնկալում մեկից, ում ժամանակին՝ Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման ժամանակ, պատանդ էին վերցրել, եւ ինքն էր ազատել նրան գերությունից: Հիշեցնենք, անցած կիրակի Ավան վարչական շրջանում զինված ոստիկանները կանգնեցրել էին Երեւանում գտնվող Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ընկերոջ ավտոմեքենան՝ ասելով, թե օպերատիվ տեղեկատվություն ունեն, որ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահված։ Երկրորդ մեքենայում գեներալ Բալասանյանն էր, ով, իրավիճակի բերումով՝ հայտնվել էր իրադարձությունների կիզակետում:


Վիտալի Բալասանյանը նախ պահանջել էր ՀՀ ոստիկանության 6-րդ՝ հանցավորության դեմ պայքրի գլխավոր վարչության աշխատակիցներից դատարանի համապատասխան որոշումը ցույց տալ, որի հիման վրա միայն իրավապահներն իրավասու կլինեին խուզարկել մեքենան, սակայն կես ժամ այս ու այն կողմ զանգեր անելուց հետո 6-րդ վարչության աշխատակիցներն ասել էին՝ փաստաթուղթ չկա, ինչից հետո Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն ուղղակի արգելել էր մոտենալ իրեն ուղեկցող մեքենային: Քիչ ուշ ոստիկանությունը, իհարկե, հայտարարեց, թե գործողությունն ի սկզբանե կապ չի ունեցել եւ կապ չունի Վիտալի Բալասանյանի հետ, սակայն դրանից հետո էլ իրավիճակը մնաց լարված: Մինչդեռ Արցախում եւ Հայաստանում ամենատարբեր շրջանակներում հակառակ ընկալումն են պնդում՝ մեքենան ոստիկանության կողմից թիրախավորվել էր՝ հենց Արցախի հերոսին ուղեկցելու պատճառով: Ավելին, մեր տեղեկություններով, մոտակայքում սպասում էին որոշ իշխանամերձ լրատվամիջոցների լրագրողները եւ օպերատորները, որպեսզի ճիշտ պահին, երբ հրահանգը տրվեր, նկարահանումներ անեին «դեպքի» վայրում։


Ամեն դեպքում, Արցախի հերոսն այս միջադեպը պատահականություն չի համարում, ոստիկանության ներկայացրած հիմնավորումները եւս համոզիչ չեն թվում իրեն, բայց միեւնույն ժամանակ՝ Բալասանյանը խուսափում է մեկնաբանություններ տալ՝ միայն այն բանի համար, որ ներքին խմորումների առիթ նորից չստեղծվի: Ի դեպ, նշենք, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մտահոգություն ու որոշակի տագնապ կա առ այն, որ Արցախի նախագահի հնարավոր թեկնածու Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում սկսել է հաճախակի Երեւան գալ եւ հանդիպումներ ունենալ տարբեր շրջանակների հետ: Իսկ օրերս նրան ուղեկցող մեքենան խուզարկելու պատրվակով հնչեղություն ստացած ոստիկանության օպերացիան իրականում հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի հետ Վիտալի Բալասանյանի երեւանյան հանդիպմանը: Եվ այս տեղեկատվությունը՝ ըստ 168.am-ին փոխանցված լուրերի, խիստ նյարդայնացրել եւ լարվածություն է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ու իր գլխավորած կուսակցության ներսում: Մյուս վարկածն այն է, որ Արցախի ներկայիս իշխանության առանցքային դեմքերից մեկը համարվող Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի համար դիտարկվում է Արցախի նախագահի ամենա ոչցանկալի թեկնածուն, ուստի միջադեպով արտահայտած պոռթկումը նրանց միջեւ առկա սառը պատերազմի, թերեւս, տեսանելի դրվագներից մեկը կարելի է համարել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու մասին վարկածը 168.am-ի հետ զրույցում նա հերքեց՝ նշելով, որ Ռ. Քոչարյանին ազատ արձակվելուց հետո չի հանդիպել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի: Մինչեւ հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում եւ արդեն կընդունվի վարչապետի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ մինչեւ 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանություն ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությունում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչեւ այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների եւ դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դատավորների թիվը, դա արվելու է մինչեւ 2022 թվականը»:


«Ժամանակ»  թերթը գրում է. «Երեւանի մետրոպոլիտենի գործով ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներից եւ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի հրաժարականից հետո օրերս նոր տնօրեն է նշանակվել: Նոր տնօրենը՝ Գեւորգ Ավետիսյանը, մեզ հասած տեղեկություններով, սակայն, համարվում է Յայլոյանի «մարդը», որի նշանակմանը նպաստել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ժամանակին Ավետիսյանի եղբայրը եղել է Հրաչյա Սարգսյանի ղեկավարը»:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Այս դատարանի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը, ինքնաբացարկ են հայտարարել՝ պատճառաբանելով նրա հետ գործընկերային ու մտերիմ հարաբերությունները: Բայց դատավորների այս քայլը համակարգում լուրջ քննարկման առարկա է դարձել, եւ պնդումներ կան, որ այս իրավիճակը չպետք է վրիպեր ՀՀ արդարադատության նախարարի աչքից, եւ Կոտայքի մարզի դատավորների այս քայլին կոնկրետ գնահատական պետք է տրվի: Իրավիճակից դուրս գալու համար, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր գործուղել Երեւանից, ընտրությունը կանգ է առել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հաստատել է այս տեղեկությունները»: