Հետամուտ լինել դատական բարեփոխումներին՝ Սահմանադրությանը համահունչ ճանապարհով. ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։
«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ դատական իշխանության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների, դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- հայտնեցին դեսպանատնից:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան՝ ժամը 08.30-ից, արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Վաղ առավոտյան արդեն արգելափակված էին թե Երեւանի, թե մարզերի դատարանների մուտքերը։
Ավելի ուշ՝ ժ. 12։00-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի. «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- ասաց նա։