Ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարի եւ ղեկավարության հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, թավշյա հեղափոխությունից առաջ «ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին» հարցի փիլիսոփայական պատասխանը հայտնի էր. «ՀՀ քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել կամ եթե նույնիսկ կարող է անել, շատ սահմանափակ, այն էլ որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, այն էլ որոշակի հովանավորությամբ:
Այդ համակարգում ովքեր էին, որ կարող էին անել ինչ-որ բան, դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա կիսաստվածներ, որոնք կարող էին որոշել մարդկային ճակատագրեր, որոնք կարող էին որոշել ամեն ինչ, անել ամեն ինչ, որոնք սահմանափակված չէին ոչնչով: Նրանք, այո, ըստ էության, կիսաստվածային կարգավիճակ ունեին ՀՀ-ում:
Հեղափոխությունից հետո փոխվել է այդ հարցի պատասխանը, թե ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին. ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, նրա ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների մասին, այն գործողությունների մասին, որոնք օգտվում են սեփական ազատություններից, բայց նաեւ հարգում են ուրիշների ազատությունը: Այս փիլիսոփայությունը Հայաստանը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավար երկրներից մեկը», - հայտարարեց վարչապետը:
Նա նկատեց, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ իրենց խանգարում են. «Դա այն է, որ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին: Մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումները, «դաբրո»-ների կարիք եւ տնտեսական որեւէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 տոկոսից ավելին ուզում է իր գործողություններն անձամբ համաձայնեցնել երկրի ղեկավարի եւ ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք, որովհետեւ մեր աշխատանքն է բոլոր մարդկանց քաջալերել, լսել, բայց ժամանակը չի բավականացնում դրա համար: Սա է մեզ խանգարող իրենցիան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: