«Սպայկա»-ի գլխավոր տնօրենը վճարել է 1 մլրդ դրամ. նրա խափանման միջոցը փոխվել է. ՊԵԿ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։