Պետական վերահսկողական ծառայության պետի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվածություն է առաջացրել։ Մի մասը գերադասում է լռել ու սպասել իրադարձությունների զարգացմանը։ Մյուսները՝ պաշտպանում են Սանասարյանին։
Ընդ որում՝ հրապարակային մեղադրանքներ հնչեցնելով ԱԱԾ-ի հասցեին։ Մասնավորապես, երեկ Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառումներ էր արել, որոնցում պաշտպանում էր Սանասարյանին։ Գրառումներից մեկում նշված էր «Սաշիկին ու իրա թուլեքին գոնե հետ բերեք ու փակեք, թե չէ նենց տպավորություն ա, որ սա իշխանատվություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք», «Ես պայքարել եմ ճշտի ու օրենքի համար։ Ու պատրաստ եմ էտ շարունակել։ Չեմ ուռում աշխատավարձս հերիքում ա, ասածս ինչ ա, գրպանս բան չգցեք, անիմաստ ա»։ «Էլի ասեմ՝ չխառնեք հանկարծ, կարամ էլի տեղակալ չաշխատեմ, չեմ նեղվի դրանից»։ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում , Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։
Գրառումներից մի քանի ժամ անց Մանուկյանի ֆեյսբուքյան էջը ջնջված էր։ Անջատված էր նաև նրա հեռախոսահամարը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»։ Հետո սակայն պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և որ Մանուկյանը հեռախոսը կորցրել էր ու գրառումն էլ ինքը չէր արել։ Հետաքրքիր է, այս անգամ ինչ է պատճառաբանելու թաղապետի տեղակալը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կտրուկ էր արձագանքել Դավիթ Սանասարյանին պաշտպանողներին՝ նշելով, որ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։
«Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա», - ասված էր նրա գրառման մեջ։
Վերջում նա հորդորել էր չխանգարել քրգործի քննությանը: «Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում», - ասված էր վարչապետի Facebook-յան գառման մեջ։