«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում կատարվել է անօդաչու սարքի թռիչք
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) կողմից կատարվել է թռիչք: Թռիչքի մանրամասները պարզելու /ուսումնասիրելու/ նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է թռիչքների կանոնների խախտում, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 121-րդ հոդվածով և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 56-Ն հրամանով սահմանված կանոնների խախտում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես վարչական մարմին, վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ ընդունվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում:
Խնդրում ենք հեռակառավարվող անօդաչու համակարգերը շահագործելու ընթացքում խստագույնս պահպանել թռիչքների կանոնները, քանի որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում թռիչքային և ավիացիոն անվտանգությանը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքային կանոնների չպահպանելը կարող է հանգեցնել վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»: