Երեւանում ու մարզերում այսօր՝ ապրիլի 27-ին, առաջին անգամ կնշեն Քաղաքացու օրը: Որոշումը կառավարության մակարակով կայացվել է շաբաթներ առաջ և օրվա միջոցառումների համար տրամադրվել է 124 միլիոն դրամ։
Միեւնույն ժամանակ կառավարող ուժի այս որոշումն այդքան էլ միանշանակ չի ընդունվել։ Սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների ժամանակ օգտատերերին հատկապես զայրացրել է ծախսվող գումարի չափը և ծախսի նպատակահարմարությունը: Նշվում է, թե 250 հազար դոլարով կառավարությունը կարող է այլ հրատապ հարցեր լուծել։
Գումարի չափը մե՞ծ է
Քաղաքացիները այս հարցում միակարծիք չեն։ «Կարծում եմ, արժի էդ օրը նշել, բայց՝ մի քիչ սահմանափակ գումարով», - նշում են շատ օգտատերեր: «Քաղաքացիները եթե գոհ լինեն իրենց վիճակից, կարծում եմ, իրենք էլ կարող են նշել: Այդպիսի գումարներ ծախսելու կարիք չկա», - հավելում են ուրիշները: Հնչում է նաև այսպիսի կարծիք․ «Տոն է, տոնը պետք է ըստ պատշաճի նշվի: Բայց առանց փող ծախսելու կլինի՞ ինչ-որ բան անել»:
Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, տոնի անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ, գրում է Ազատությունը:
Քաղաքացու օրը նախատեսվում է մեկնարկել ծառատունկով, որին կհետևեն քաղաքացիական գիտակցության բարձրացման թեմայով հանրային քննարկումներ: Կազմակերպիչները վստահեցնում են, որ միջոցառումը չի սահմանափակվի միայն մայրաքաղաքով, և մարզերում նույնպես օրը հետաքրքիր ու միջոցառումներով հագեցած կլինի։
Քաղաքացու օրը բոլոր քաղաքներում նույնանման է անցկացվելու, մայրաքաղաքը տոնի կենտրոնում չի լինելու։
Քաղաքական գործիչները զգուշավոր են
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զգուշավոր է արտահայտվում։ Մարուքյանի խոսքով՝ եթե ինքը որոշողը լիներ, այդչափ գումար չէր հատկացնի։ Հիշեցնում է, որ նախկինում նման որոշումների համար ընդդիմությունը քննադատում էր իշխանություններին․ «Եթե իշխանության ընտրողները դրա հետ որևէ խնդիր չեն տեսնում, ուրեմն նորմալ է»:
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ միջոցառումները կարվեն, կստենենք ու մեր խոսքը կասենք։
Խմբակցությունում, սակայն, դեմ չեն քաղաքացու օրը նշելուն, բայց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ պետք է հասկանան, թե ինչ նպատակով է ծախսվելու գումարը․ եթե այդ ամենից պետք է օգտվեն բոլոր քաղաքացիները, դեմ չէ՝ թող գումար հատկացվի․ «Պատկերացրեք, օրինակ, գյուղական համայնքներից դպրոցական երեխաներին տեղափոխեն մայրաքաղաք՝ թանգարաններ այցելելու և այլն, և ծախսեր արվի դրա համար»:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին՝ հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար՝ անցյալ տարվա հեղափոխության օրերից:
«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը և դրան հաջորդող մնացած բոլոր օրերին ևս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին», - գրել է Նաիրա Զոհրաբյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը չգիտի, թե մասնավորապես ինչի վրա է ծախսելու գումարները կառավարությունը: Լսել է, որ լուրջ միջոցառումներ են ացնկացվելու․ «Ես կիսում եմ Քաղաքացու օրը ունենալու, նշելու բոլոր միտումները»:
Տեղի է ունեցել լուրջ քաղաքական շրջադարձ
«Միանշանակ կարող ենք ասել, որ տեղի է ունեցել շատ լուրջ շրջադարձային փոփոխություն Հայաստանում, և Հայստանում փոխվել են իշխանության ձևավորման ու տիրապետման, ռեսուրսների ձևավորման ու բաշխման խաղի կանոնները: Ժողովրդի մի զգալի հատվածի համառ մասնակցության արդյունքում է տեղի ունեցել այդ փոփոխությունը, և այն պետք է դրական իմաստով դիտարկել, քանի որ խաղի կանոնների փոփոխությունները մեր երկրում հանգեցրել են ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանը»,- կարծում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը, հայտնում է ankakh.com-ը:
Աննա Դավթյան-Գևորգյանը, անդրադառնալով տոնի անհրաժեշտության հարցին՝ նախ խոսեց պետական տոների նշանակության ու իմաստի մասին: «Ընդհանրապես պետական տոները մշակութային իմաստով քաղաքական միֆերի ակտուալիզացումն են ծեսերի միջոցով: Դրանք շատ կարևոր են թե հասարակական կյանքում, թե՝ քաղաքական: Քաղաքացու օրվան նվիրված տոնը՝ քաղաքացու որպես առաջնային արժեք ներկայացնելու իմաստն ունի, և հարց է, թե որքանով է քաղաքացու դերի կարևորումը մեր հասարակության համար ընդունելի ու հասկանալի: Եթե այս արժեքը կարևոր է հասարակության համար, ապա տոնը պետք է լինի, բայց եթե արժեքը լայն մասսաների համար ընդունելի չէ, ապա տոնը կեղծ է և պարտադրված էլիտայի կողմից»,-նշում է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Աննա Դավթյան-Գևորգյանը:
«Ինձ համար այդ օրը իսկապես տոն է, քանի որ մինչև հեղափոխությունը ոչ ոք չէր հավատում, որ ինչ որ բան կստացվի, բայց համախմբվածության արդյունքում, ճիշտ մեթոդաբանության արդյունքում ստացվեց հեղափոխությունը: Պետք է լիներ քաղաքացու օր, քանի որ այս հեղափոխությունը հաղթել ենք ժողովրդի շնորհիվ: Երբ որոշ ուժեր պարբերաբար նշում են, թե հեղափոխությունը եղել է դրսի ուժերի միջոցով, նրանք ամեն կերպ փորձում են կոտրել քաղաքացուն ու անտեսել քաղաքացու դերը, մինչդեռ քաղաքացին էր այս ամենին հասնողը»,- նշում է Ռեստարատ ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Աննա Դավթյան-Գևորգյանը նշում է, որ միայն մեր երկրում չէ, որ նման տոն է սահմանվել: ԱՄՆ-ում Սահմանադրության օրը նշում են նաև քաղաքացու օր: «Քանի որ նախկինում հակասահմանադրական իրավիճակում էինք ապրում, մենք Սահմանադրության օրը չէինք համարում քաղաքացու օր: Այժմ քաղաքացու հաղթանականերից մեկն էլ այն կլինի, որ հունիսի 5-ը մեզ համար նույնպես քաղաքացու օր դառնա»,- նշում է Աննա Դավթյան-Գևորգյանը: