Դժբախտ պատահար. հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի պատճառը
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Քրեական գործը հարուցվել է ոչ միտումնավոր վնաս հասցնելու հիմքով, ասել է Հեյցը:
Հետաքննությամբ 50 մասնագետ է զբաղվում: Քննությունը պարզել է, որ առաջին անգամ հակահրդեհային համակարգի ազդանշանը գործել է տեղի ժամանակով 18:20-ին: Ստուգման արդյունքում բռնկման աղբյուրը հայտնաբերվել չի հաջողվել: «18:43-ին ազդանշանը երկրորդ անգամ է գործել և արդեն կրակը հայտնաբերվել է փեղկի մակարդակում»,-ասել է Հեյցը, գրում է Պանարմենիանը: Դրանից հետո բոլորը տարհանվել են եկեղեցուց, գրում է «Վեդոմոստին»:
Ըստ Հեյցի, վերանորոգման աշխատանքներին մասնակցող մասնագետներն արդեն հարցաքննվել են: Այդ աշխատանքին ընդհանուր առմամբ մասնակցում է 5 ընկերության աշխատակից: Շատերը դեռևս պետք է հարցաքննվեն: Բռնկման պատճառների մասին եզրակացություն հնարավոր կլինի անել միայն փորձագետների զննություննից հետո, այժմ շենքում գտնվելը դեռևս վտանգավոր է»,-հավելել է Հեյցը:
Ներքին գործերի նախարար Լորեն Նունյեսը հայտնել է, որ տաճարի կարկասը հրդեհից հետո «ընդհանուր առմամբ վատ վիճակում չէ», սակայն թույլ տեղեր ունի: Հիմնականում կամարի մասում: Ըստ France24-ի, այժմ ճարտարապետներն ու մասնագետները զննում են տաճարը: Նրանք պետք է եզրակացություն տան շենքի ամրության մասին: Անվատնգության ապահովման աշխատանքներին մոտ 48 ժամ է տրված, որից հետո մշակույթի նախարարության աշխատակիցներին կթույլատրվի մտնել շենք և տարհանել մշակութային արժեքները:
Տաճարի վերանորոգմանը մասնակցող Europe Echafaudage ընկերությունը հայտարարել է, որ աշխատանքների կատարման ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը:
Հիշեցնենք, որ խոշոր հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի աշտարակը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը: