24.11.2024
Ո՞ր հարցերում է ՀՀ-ն ակնկալում ԵԽ-ի աջակցությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ
prev Նախորդ նորություն

Սաշիկ Սարգսյանը Չեխիայում հանդիպել է Նարեկ Սարգսյանի հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, այս ընթացքում հանդիպել է Չեխիայում ձերբակալված իր որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Այս մասին դատարանում լրագրողներին հայտնեց Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկ Սարգսյանը։


News.am-ի հաղորդմամբ, նա հայտնեց, որ տեղյակ չէ մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստան է հայցել Չեխիայի իշխանություններից։


Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ նաև եղբոր արտահանձնման գործընթացից։


Հարցին, թե հայրը եղբոր մասին որևէ բան չի՞ հայտնում իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Հեռախոսով չենք խոսում այդ մասին»։


Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանը կասեցրել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` Ֆրանկլին Գոնսալես-Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործի քննությունը եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար: Թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Նարեկ Սարգսյանին քաղաքական ապաստան կտրամադրեն։


Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։


Նշենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: 2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: