Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ: Հայաստանի վարչապետն ապրիլի 11-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար,
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ,
Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերն իրենց խոսքն սկսում են հետեւյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալն ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ եւ նշանակություն:
Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:
1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթն իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:
Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, եւ դատարանը, ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:
Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ, եւ անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, եւ այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:
Ռասսել Ջոնսթոնն իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին, իսկապես, եւ թերեւս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:
Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական, եւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում:
Ու չնայած դրանից հետո մի քանի անգամ իմ դեմ քրեական վարույթ սկսվեց, իմ բանտում հայտնվելը բավական հետաձգվեց եւ տեղի ունեցավ միայն 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ապօրինի գործողությունների արդյունքում զոհվեց Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի, որոնցից ութը` խաղաղ ցուցարարներ: Այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանության բաժիններ էին տարվում՝ միայն ցույցի մասնակից լինելու համար:
Իսկ մոտ հարյուր քաղաքական լիդերներ, ակտիվիստներ որպես քաղբանտարկյալ հայտնվեցին բանտերում:
Հավաքներ անելու իրավունքից զրկված քաղաքացիների, բանտում հայտնված քաղաքական գործիչների ու նրանց հարազատների, Մարտի 1-ի զոհերի հարազատների միակ հույսն ու ապավենը այդ ժամանակներում Եվրոպայի խորհուրդն էր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որովհետեւ Մարտի 1-ից հետո Սահմանադրությունը, ըստ էության, չեղարկվել էր Հայաստանի Հանրապետությունում, եւ մարդիկ չունեին պաշտպանության ոչ մի հուսալի իրավական երաշխիք, ոչ մի հույս:
Եվ այդ դեպքերի առնչությամբ ԵԽԽՎ ընդունած 5 բանաձեւերը թարմ օդի նման փոխում էին Հայաստանի մթնոլորտը` մարդկանց հույս տալով, որ ամեն ինչ չէ, որ կորած է: 2009 թվականից կալանքի տակ լինելով եւ 2010 թվականին դատապարտվելով 7 տարվա ազատազրկման` ես ընդամենը երկու տարի անցկացրի բանտում եւ ազատության մեջ հայտնվեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բայց նաեւ Եվրոպայի խորհրդի աջակցության շնորհիվ:
2011 թվականի ձմռանը բանտում ինձ այցելեց ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, եւ դա շատ կարեւոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի եւ իմ խնդրի վրա միջազգային ուշադրություն սեւեռելու առումով:
Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով` հասկանալով, որ Եվրոպայի խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ:
ԵԽ-ի եւ ԵԽԽՎ-ի հետ իմ հարաբերությունների հաջորդ փուլը 2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն Հայաստանի վարչապետն էի եւ այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում եւ որպես հեղափոխության հերթական հանգրվան` երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այդ ընտրություններում մեր քաղաքական ուժն ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարեւորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները որակեց որպես ժողովրդավարական:
Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից` «Թավշա հեղափոխության, ինչպես նաեւ իշխանությունների քաղաքական կամքի դրսեւորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ» (մեջբերման ավարտ):
Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական եւ մրցակցային: Հայաստանում տեղի ունեցած որեւէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբեւէ չէր արժանացել:
Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում, եւ առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքներն անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերը և հանրությունը:
Եվ հիմա` որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է, եւ դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում եւ սրտում, եւ չի եղել ոչ մի, բացարձակապես ոչ մի օտարերկրյա ուժ, որ որեւէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձեւից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համակարգի:
Երբ այս սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլեւս երբեք չի հավակնելու Հայաստանի Հանրապետության ղեկավարի, տվյալ դեպքում՝ նաև վարչապետի պաշտոնին: Բայց 2018 թվականին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն, եւ դա իմանալով ես ու իմ ընկերները 2018 թվականի մայիսի 31-ին քայլարշավ սկսեցինք Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երեւան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը:
Մենք 13 օր քայլեցինք ավելի քան 200 կիլոմետր` այդ ողջ գործընթացը լուսաբանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: Եվ մայրաքաղաք Երեւանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ եւ աղջիկներ, հետո նրանց ետեւից եկան նրանց ավագ եղբայրները եւ քույրերը, հետո նրանց ետեւից եկան նրանց մայրիկները եւ հայրիկները, ապա տատիկները եւ պապիկները:
Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց, իսկ ապրիլի 22-ին ես կրկին հայտնվեցի բանտում, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ժողովրդի ճնշման ներքո ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել եւ հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց` 2018 թվականի մայիսի 8-ին, այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետեւ դա էր պահանջում ողջ հայ հանրությունը:
Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո եւ համերաշխության հեղափոխություն, որովհետեւ այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա:
Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու:
Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որեւէ բռնության, հաղթեց առանց որեւէ զոհի, հաղթեց առանց որեւէ զենքի: Վեր բարձրացրած, վեր պարզած բաց ձեռքերով:
Սիրելի բարեկամներ,
այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել:
Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի տասը տոկոսն է: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել, և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 70 մլն եվրոյով` առնվազն 70 մլն եվրոյով, որը մեր բյուջեի եկամտային մասի 2,6 տոկոսն է:
Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական եւ առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը, եւ աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է եւ հաշվետվողական, եւ մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից:
Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է` խոսքի եւ հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն: Մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:
Բայց մեր ժողովրդավարությունն ուժեղանալու, տնտեսական եւ ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումն այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունենք:
Այս ամենը կարեւոր է` ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու, այլեւ մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար:
Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորություններ ստեղծելը, Հայաստանը ներդրումների եւ զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը եւ մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը:
Եւ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետեւ մեր ժողովուրդը վերգտել է վստահությունը սեփական ուժերի եւ սեփական ապագայի նկատմամբ:
Հարգելի ներկաներ,
Տիկնայք և պարոնայք
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարեւորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:
Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաեւ հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:
Իհարկե, չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջեւ երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաեւ հանրությունների միջեւ, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի:
Վերջես Երեւանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարեւորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների եւ ատելության լեզվով:
Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը եւ պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:
Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս` անձամբ, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է եւ ըստ էության, այն բանաձեւն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, եւ ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:
Սիրելի ներկաներ,
Պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը պետք է փոխարինվի կառուցողական աշխատանքով: Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաեւ պատերազմներ հրահրելու համար:
Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար:
Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե’ Հայաստանի, թե’ Լեռնային Ղարաբաղի, թե’ Ադրբեջանի համար:
Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը:
Հարկ է հիշել նաեւ, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության եւ բովանդակության մեջ, եւ որեւէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց դրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի եւ մարդկային ճակատագրերի հետ:
Այս է պատճառը, որ մենք համարել եւ համարում ենք, որ Լեղնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետեւ միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլեւ ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից:
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության հարթակ ձեւավորելու համար, եւ մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ:
Տիկնայք և պարոնայք,
Ասվածն ամենեւին չի նշանակում, թե Եվրոպայի խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:
ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար:
Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:
Բայց խոսքը ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է եւ ոչ թե իրական մարդը:
Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի եւ ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ`
Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է, քան որեւէ փաստաթուղթ, քան որեւէ քաղաքական կամ խմբային շահ, եւ ես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Եվրոպայի խորհրդի հարգելի գլխավոր քարտուղար,
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ.
Ինձ համար իսկապես շատ պատվաբեր էր եւ կարեւոր` հայկական Սիրո եւ համերաշխության հեղափոխության առաջին հոբելյանի առիթով այս ամբիոնից ելույթ ունենալը:
«Էկոնոմիստ» հանդեսը, Հայաստանը ճանաչելով 2018 թվականի տարվա երկիր, հարցադրում էր արել, թե արդյոք Հայաստանը կկարողանա՞ զարգացնել 2018 թվականին արձանագրած հաջողությունները:
Պատիվ ունեմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է` անշրջելի է մի պարզ պատճառով. նրա հաղթանակը մեր երկրում ապահովել են ոչ թե քաղաքական լիդերները կամ ուժերը, այլ ժողովուրդը, քաղաքացին, երիտասարդությունը, որոնք այլեւս գիտեն, որ իրենք են ամենայն առաջընթացի շարժիչ ուժը եւ հաստատ բաց չեն թողնի Հայաստանը ժողովրդավարության, օրինականության, թափանցիկության ու հանդուրժողականության փարոս դարձնելու այս բացառիկ հնարավորությունը:
Հայաստանը կարող է եւ կմնա լավ լուրերի աղբյուր՝ ժողովրդավարությանը հավատացող բոլոր մարդկանց համար:
Շնորհակալություն»: